Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է ԱՊՀ-ի վերահսկիչ մարմինների ղեկավարներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ-ի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի` նախօրեին Երեւանում մեկնարկած նստաշրջանի մասնակիցներին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդի գործունեությանը եւ պատրաստ է հետագայում եւս ակտիվորեն մասնակցել այդ կառույցի աշխատանքներին: Նրա խոսքով` խորհրդի անդամ երկրները, երկար տարիներ ապրելով ընդհանուր պետության մեջ, ունեն ընդհանուր բնույթի խնդիրներ, որոնք հաճախ ենթադրում են համանման լուծումներ եւ միասնական ջանքեր:

«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս նաեւ եվրոպական կառույցների հետ համագործակցությանը: Գաղտնիք չէ, որ եվրոպական վերահսկիչ մարմիններում կուտակված է շատ մեծ դրական փորձ, եւ այն անհրաժեշտ է տեղայնացնել` իհարկե, նկատի առնելով մեր առանձնահատկությունները: Մենք պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ունենալ Վերահսկիչ պալատների Եվրոպական միության (EUROSAI) աշխատանքներին, այդ թվում` միջոցառումներ անցկացնել Երեւանում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Մերձբալթյան երկրների վերահսկիչ մարմինների ղեկավարները, Վերահսկիչ պալատների Եվրոպական Միության նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկողական մարմնի նախագահ Յացեկ Յեզերսկին բարձր են գնահատել Երեւանում հրավիրված նստաշրջանի աշխատանքը, որի արդյունքում ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր, նախանշվել են հետագա համագործակցության ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG