Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը կրկին արգելել է ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում


Երեւանի քաղաքապետարանը հինգշաբթի օրը ընդունած որոշմամբ արգելել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքի համար քաղաքապետարանը առաջարկել է Մատենադարանին հարող տարածքը: Հանրահավաքի ավարտին անցկացվելիք երթի մասին իրազեկումը ընդունվել է ի գիտություն:

Այս անգամ Ազատության հրապարակում հանրահավաքն արգելելու պատճառը այստեղ տեղադրված կարուսելներն ու ատրակցիոններն են: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը տեղեկացրեց, որ այդ ատրակցիոնների գործունեության պայմանագիրը ուժի մեջ է հունիսի 10-ից:

Վկայակոչելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածը` քաղաքապետարանը արձանագրում է, որ «երեխաների հանգիստն ու ժամանցն ապահովող միջոցառումը բացառում է միաժամանակ նույն տարածքում հանրահավաքի անցկացումը»:

ՀԱԿ-ին անդամակցող ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի հարցին, թե մինչեւ երբ է ուժի մեջ նշված պայմանագիրը, Մելքումյանը արձագանքեց. - «Ուժի մեջ է պայմանագիրը դեռ բավականին ժամանակ: Եթե ցանկություն կա ծանոթանալու, կդիմեն, մենք, իհարկե, կտրամադրենք»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը նման հիմնավորումներով հանրահավաքի արգելումը «ճղճիմ» որակեց:

«Ոչ մի պատահական բան չեմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակեց Կոնգրեսի համակարգողը. - «Այդտեղ շատ խորհրդանշանական իմաստ են դնում իշխանությունները: Մարտիմեկյան ջարդից հետո` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի օրը ռազմական մի շքերթ անցկացրեցին, մի աբսուրդ… Դրանով ուզում էին ընդգծել բռնի գործողությունների հաղթանակը ժողովրդի նկատմամբ»:

Զուրաբյանի խոսքով, իրենք շարունակելու են Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը. չնայած վերջին շաբաթներին այդտեղ հանրահավաքների իրազեկման 10-ից ավելի դիմումներ են մերժվել, բայց իրենք շարունակելու են դիմել, մերժումները բողոքարկելու են դատական ու միջազգային ատյաններում. - «Կհասունացնենք իրավիճակը, ցույց կտանք արդեն բոլորի համար պարզ ձեւով, որ սա իշխանությունների ապօրինի քինախնդրությունն է: Դրանից հետո, մենք արդեն որոշումը ունենք, կնշանակենք օր եւ այդ օրը կմտնենք Ազատության հրապարակ, ժողովուրդը կմտնի Ազատության հրապարակ: Անցկացնելու ենք հանրահավաք` անկախ նրանից, թե որն է լինելու իրենց որոշումը»:

Ազատության հրապարակում ընդդիմությանը հանրահավաք անցկացնելու թույլտվություն չի տրվել 2008 թվականի գարնանից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG