Մատչելիության հղումներ

Հայազգի ռեժիսորը նկարահանում է «Ծառայողական սիրավեպի» նոր տարբերակը


Կադր Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմից
Կադր Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմից

Ծնունդով երեւանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մի քանի ամսից ռուս հանդիսատեսի դատին կհանձնի խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի կինոկատակերգություններից մեկի` «Ծառայողական սիրավեպի» նոր տարբերակը:

«Ծառայողական սիրավեպ. մեր ժամանակները» անվանումը կրող ֆիլմում խորհրդային հիմնարկությանը փոխարինելու է եկել մոսկովյան ժամանակակից գրասենյակը, 33 տարի առաջ` Ալիսա Ֆրեյնդլիխի մարմնավորված կոշտ ու կոպիտ տնօրինուհին վերածվել է նույնքան անհանդուրժող թոփ մենեջերի, դե իսկ գործընկերների անձնական կյանքին ակտիվորեն միջամտող քարտուղարուհի Վերոչկայի փոխարեն ֆիլմում հանդես է գալիս գործավար Վադիկը, որի դերը «Ծառայողական սիրավեպ 2»-ում խաղում է «Քոմեդի քլաբ»-ի աստղերից Պավել Վոլյան:

Այս ամենը բավարար էր, որպեսզի «Ծառայողական սիրավեպի» դասական տարբերակի հեղինակները կտրականապես հրաժարվեին ֆիլմը դիտելու գաղափարից: Էլդար Ռյազանովը «Կոմսոմոլսկայա պրավադա»-ին տված հարցազրույցում ասել է. - «Ռիմեյքի հեղինակները չեն էլ փորձել ինձ հետ կապ հաստատել` ճշտելու համար իմ կարծիքը»: Ֆիլմի դիտումից հրաժարվել են նաեւ օրիգինալ տարբերակի գլխավոր դերակատարներից առնվազն երկուսը` Օլեգ Բասիլաշվիլին եւ Սվետլանա Նեմոլյաեւան:

«Ծառայողական սիրավեպ 2»-ի արտադրությամբ զբաղվող «Լեոպոլիս» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` «Ծառայողական սիրավեպի» օրիգինալ տարբերակի բոլոր հեղինակներին հրավիրելով ռիմեյք տարբերակի փակ դիտմանը: «Հույս ունենք, որ դրանից հետո ֆիլմի մասին մեկնաբանությունները կարվեն փաստական նյութի, այլ ոչ թե ենթադրությունների հիման վրա», - նշել են պրոդյուսերները:

Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը իր բլոգում գրել է. - «Նկարահանում եմ «Ծառայողական սիրավեպ 2»-ը: Հասկանում եմ, որ լավ բան չեմ անում, բայց կան մեղմացուցիչ հանգամանքներ` միեւնույն է, մի որեւէ սրիկա ի վերջո դա անելու էր»:

Ուշագրավ են Անդրեասյանի բլոգում տեղ գտած մեկնաբանությունները: Մոսկվայում բնակվող հայուհի Աննան, օրինակ, գրել է. - «Նայեցի ֆիլմի գովազդային հոլովակը: Սարսափելի էր: Գոնե ռեժիսորը հայ չլիներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG