Մատչելիության հղումներ

Զոհված սպայի հարազատները մեկնաբանում են դատաբժշկական եզրակացությունը


Տավուշի մարզի զորամասերից մեկում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, որը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին զոհված սպայի հարազատները, ասվում է, որ պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 30-ամյա սպան «վնասվածքներ էր ստացել նաեւ կենդանության օրոք»:

Ըստ եզրակացության, Նազարյանի «մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումով` մուտքի անցքը տեղակայված է բերանի խոռոչում` քիմքի շրջանում, ելքինը` ձախ կողմնա-ծոծրակային շրջանում»:

Բացի այդ, Նազարյանը ստացել է նաեւ վնասվածքներ կենդանության օրոք` «մահը վրա հասնելուց մինչեւ 6 ժամ առաջ», մասնավորապես ստորին ծնոտի եւ աջ բազկի շրջաններում, որոնք, ըստ փորձագետի, «մահվան հետ պատճառական կապի մեջ չեն մտնում»: Հայտնաբերվել են նաեւ արյունազեղումներ, քերծվածքներ, որոնք առաջացել են «բութ առարկաների ազդեցությամբ մահվանից ոչ շատ առաջ»:

«Գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումը Ա. Նազարյանը ստանալուց հետո մահը վրա է հասել անմիջապես եւ չէր կարող կատարել ինքնուրույն գործողություն, իսկ մնացած վնասվածքների դեպքում կարող էր կատարել ինքնուրույն գործողություններ` շարժվել, քայլել, բղավել», - ասված է եզրակացությունում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նազարյանի հարազատների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ եզրակացությունը լի է լուրջ հակասություններով, որ բազմաթիվ հարցեր իրենց համար մութ են մնացել: Ուստի իրենք պատրաստվում են լրացուցիչ հարցադրումներ անել:

Փաստաբանը, մասնավորապես, առանձնացրեց եզրակացության արձանագրումը, որ վնասված է Արտակ Նազարյանի լեզուն («հրազենային վնասվածքի հետեւանքով առաջացած անցք»). - «[Ինքնասպանություն գործելիս] Լեզուն բարձրացնել, փողը դնել նոր կրակել` մի քիչ անընդունելի իրավիճակ է: Իսկ եթե լեզուն չի բարձրացրել, փողը մտցրել է մինչեւ կոկորդ` սրանք լրիվ տարբեր իրավիճակներ են, եւ լեզվի վրա պետք է որ հրազենային անցք չլիներ»:

«Ուստի ես կարծում եմ, որ այս հակասությունների պայմաններում հարկ կառաջանա այլ մասնագետի կարծիքը եւս իմանալու: Մենք ի սկզբանե ասել ենք, որ այս փորձագետին հավատալու հիմքեր չունենք», - հայտարարեց Սեդա Սաֆարյանը:

Արտակ Նազարյանի հարազատները բազմիցս հայտարարել են, որ չեն հավատում պաշտոնական վարկածին: Զինծառայողի հարազատները պնդում են, որ Արտակ Նազարյանին կա'մ դրդել են ինքնասպանություն գործել, կա'մ սպանել են:

Ըստ պաշտոնական վարկածի, Նազարյանը ինքնասպան է եղել նստած վիճակում քարին հենված, մինչդեռ այդ քարի վրա անգամ արյան հետքեր չեն հայտնաբերվել:

«Հենց այդ հանգամանքը կասկածի տակ է դնում պաշտոնական վարկածը», - նշեց փաստաբանը` շարունակելով. - «Կա'մ լավ լվացել են, կա'մ հետքերը վերացրել են, կա'մ հետքերը չեն արձանագրել, կա'մ էլ այդտեղ չի եղել… Այս «կամ»-երին պիտի պատասխան տրվի քննության ընթացքում»:

Նազարյանի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, թե Արտակը ունեցել է նկատելի այլ վնասվածքներ, որոնք չեն նշվել դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG