Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ադրբեջանցիները Բրայզայի հարցով նամակ են հղել Բարբարա Բոքսերին


Միացյալ Նահանգների ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել սենատոր Բարբարա Բոքսերին, ով Սենատում արգելափակել է Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նամակի հեղինակները իրենց մտահոգությունն են հայտնում Բրայզայի նշանակման դեմ Բոքսերի ընդվզման կապակցությամբ` պնդելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը փորձառու, արհեստավարժ ու անկողմնակալ դիվանագետ է: Նրանք նաեւ դժգոհում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայամետ սենատորի հայտարարություններից:

«Այդ հայտարարությունները վիրավորում են Ամերիկայի ադրբեջանական համայնքին եւ հակասում են ԱՄՆ-ի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը», - ասված է նամակում:

Ադրբեջանի ահագնացող ագրեսիայի մասին Բարբարա Բոքսերի` Սենատում արած հայտարարությունը ԱՄՆ-ի ադրբեջանցիները որակում են «ստահոդ» եւ պնդում, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե անկախ պետություն է, այլ «Ադրբեջանի անբաժանելի մասը, եւ այդ մարզն ու հարակից շրջանները շուրջ 20 տարի գտնվում են հայկական զինված խմբավորումների ապօրինի օկուպացման տակ»:

Նույնպիսի բովանդակության մի նամակ էլ Ամերիկայի ադրբեջանական համայնքը հղել է սենատոր Մայքլ Բենեթին:

Բրայզայի նշանակումը արգելափակած երկրորդ սենատորը Ռոբերտ Մենենդեսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG