Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը պաշտոնանկ արեց Լուժկովին


Դմիտրի Մեդվեդեւ եւ Յուրի Լուժկով, Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2008 թ.
Դմիտրի Մեդվեդեւ եւ Յուրի Լուժկով, Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2008 թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի առավոտյան հրամանագիր է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Յուրի Լուժկովին հեռացնել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից` Ռուսաստանի Դաշնության նախագահի վստահության կորստի կապակցությամբ», - ասված է, մասնավորապես, Մեդվեդեւի հրամանագրում:

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 74-ամյա Վլադիմիր Ռեսինը, ով գլխավորում է Ռուսաստանի մայրաքաղաքի շինարարական համալիրը: Միջազգային լրատվական գործակալությունները, ներկայացնելով Ռեսինի կենսագրությունը, նշում են, որ նա հայաստանյան երկու քաղաքների` Երեւանի եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան Շանհայում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Լուժկովին առաջարկվել էր պաշտոնաթողության ավելի մեղմ տարբերակ:

«Գոյություն ունի տարածաշրջանի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման երկու տարբերակ` սեփական ցանկությամբ, որը արտահայտվում է նախագահին ուղղված դիմումով, կամ էլ ավելի կոշտ ձեւակերպմամբ` վստահության կորստի հիմքով», - մանրամասնել է Տիմակովան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Լուժկովը մեկշաբաթյա արձակուրդ էր վերցրել եւ նախագահի հետ համաձայնեցրել իր մեկնումը` «նաեւ մտածելու համար այն մասին, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները»:

«Այսօր Մեդվեդեւը ստորագրեց հրամանագիրը: Եզրակացությունները կարող եք ինքներդ անել», - ասել է Տիմակովան` հավելելով, որ «նախագահը չի ծրագրում հանդիպել նախկին քաղաքապետի հետ»:

Յուրի Լուժկովը ընտանիքի հետ Ավստրիայում անցկացրած մեկշաբաթյա արձակուրդից հետո երկուշաբթի օրը վերադարձել էր աշխատանքի եւ անցել իր պարտականությունների կատարմանը:

Ռուսաստանցի մեկնաբաններից շատերը Լուժկովի արձակուրդը դիտարկում էին նրա դեմ վերջերս սանձազերծված արշավի լույսի ներքո եւ կանխատեսում էին, թե նա չի վերադառնալու աշխատանքի: Լուժկովը, մինչդեռ, հայտարարել էր, որ կամովին իր պաշտոնից չի հրաժարվելու: Երեկ երեկոյան նա հանդիպել էր Մեդվեդեւի աշխատակազմի ղեկավարի հետ եւ, այդուամենայնիվ, չէր ընդունել ինքնակամ հեռանալու հերթական առաջարկը:

Ռուսաստանյան քաղաքական էլիտան ակտիվորեն մեկնաբանում է Մեդվեդեւի հրամանագիրը:

Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») խմբակցության ղեկավար Նիկոլայ Լեւիչեւը, մասնավորապես, ասել է, որ Լուժկովն ինքն է մեղավոր` նա իր եւ կնոջ պահվածքով ստիպել է նախագահին նման կոշտ հրամանագիր ստորագրել:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը ողջունել է Մեդվեդեւի այս որոշումը: «Նախ եւ առաջ, Մեդվեդեւը այսօր առաջին անգամ իր կյանքում նախագահական քայլ կատարեց, եւ այդ որոշումը, միանշանակ, կայացրել է ինքնուրույն, քանի որ Պուտինին ձեռնտու չէր Լուժկովի պաշտոնանկությունը», - հայտարարել է Նեմցովը եւ հավելել, որ 2011-12 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախօրեին Լուժկովը դեռ անակնկալներ կմատուցի իշխանություններին:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւը, իր հերթին, նշել է, որ սա, առաջին հերթին, Լուժկովի որոշումն է. - «Եթե նա կամավոր հեռանար, Մեդվեդեւը նման կոշտ հրամանագրով նրան չէր հեռացնի աշխատանքից»:

Յուրի Լուժկովը 74 տարեկան է, Մոսկվան ղեկավարում էր 1992 թվականի հունիսից, երբ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով նշանակվեց քաղաքապետ: Այնուհետեւ նա երեք անգամ ընտրվել, իսկ 2007 թվականի հունիսին` Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ Մոսկվայի Քաղաքային դումայի կողմից հաստատվել էր այդ պաշտոնում:

1998 թվականի վերջին Լուժկովը գլխավորեց «Օտեչեստվո» («Հայրենիք») քաղաքական շարժումը, որի` «Վսյա Ռոսիա» («Ամբողջ Ռուսաստան») շարժման հետ միավորմամբ ստեղծվեց «Օտեչեստվո - Վսյա Ռոսիա» դաշինքը: 2001 թվականին «Օտեչեստվո» եւ «Եդինստվո» («Միասնություն») շարժումների միավորմամբ ձեւավորվեց Ռուսաստանի ներկայիս իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, որի Բարձրագույն խորհրդի համանախագահն էր Լուժկովը:

Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետի կինը` Ելենա Բատուրինան գործարար է եւ համարվում է Ռուսաստանի ամենահարուստ կինը: Այս տարվա հունիսին Forbes հանդեսի հրապարակած` աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում նա զբաղեցրել է երրորդ տեղը` 2.9 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG