Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ կազմակերպություններ հրավիրված չեն ԵԽ-ի երեւանյան ֆորումին


Եվրախորհրդի շենքը Ստրասբուրգում
Եվրախորհրդի շենքը Ստրասբուրգում

Երեւանում հոկտեմբերի 19-20-ը Եվրոպայի խորհրդի հովանու ներքո անցկացվելիք «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումին հայաստանյան որոշ կազմակերպություններ հրավիրված չեն:

Նախնական օրակարգում որպես զեկուցողներ ընդգրկված են Եվրախորհրդի (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բարձրաստիճան պաշտոնյաները: Համաժողովի օրակարգային հարցերի թվում են ժողովրդավարական կառավարման սկզբունքները, քննարկվելու են տարբեր հարթություններում արձանագրված հաջողություններն ու թերությունները։

Ելույթներ են ունենալու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը։

Հայաստանից ելույթով հանդես են գալու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԽԽՎ–ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Հայաստանյան հասարակական կազմակերպություններից որպես զեկուցողներ հանդես կգան Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Հայաստանի համայքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանը։ Մինչդեռ, որոշ հասարակական կազմակերպությունների, այդ թվում բավական ակտիվ իրավապաշտպան կազմակերպությունների Եվրախորհուրդը չի հրավիրել համաժողովին՝ չնայած նրանց ներկայացրած հայտերին:

«Խիստ որոշակի կազմակերպություններ, որոնք բավական քննադատական եւ սկզբունքային մոտեցումներ ունեն մարդու իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ ե՛ւ ընտրությունների ժամանակ, ե՛ւ հետընտրական ժամանակահատվածում ԵԽԽՎ–ի կատարման ընթացքի վերաբերյալ, չեն հրավիրվել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Եթե նայենք, թե ինչ թեմաներ է կոնֆերանսի օրակարգում նախատեսված քննարկել, ապա այդ թեմաների շուրջ, բնական է, կլինեին մեկնաբանություններ, ելույթներ, ասենք` նաեւ մեր կողմից, որոնք կարող է դուր չգային կամ հարմար չլինեին որոշ կազմակերպիչների համար, մասնավորապես` արտաքին գործերի նախարարության, օրինակ, որը հանդիսանում է համակազմակերպիչը ֆորումի», - ասաց Սաքունցը՝ հավելելով. – «Ցավոք սրտի, Եվրոպայի խորհուրդը հերթական անգամ ցույց է տալիս, որ քաղաքական նպատակահարմարությունը շատ ավելի կարեւոր է, քան ժողովրդավարական արժեքները»։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հոկտեմբերի սկզբին պատրաստվում է մեկնել Ստրասբուրգ` մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, խոստացավ, որ հարցը բարձրացնելու է ԵԽԽՎ-ի պաշտոնյաների առջեւ` պահանջելու, որ գտնվի այնպիսի ձեւաչափ, որը հնարավորություն կտա հայաստանյան հասարակական կազմակերպություններին մասնակցել ֆորումին:

«Եթե այդ ֆորումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, որը ստանձնել է պարտավորություններ Եվրոպայի խորհրդի առջեւ եւ այդ պարտավորությունները չի իրականացնում, ոչ միայն պետք է լսեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք այսօր խորհրդարանում են, այլ նաեւ, կարծում եմ, պետք է լսեն այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր զբաղվում են այս հիմնախնդիրներով` մարդու իրավունքների պաշտպանությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավորը: Նա ընդգծեց, որ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններին մերժելը Եվրոպայի խորհրդի վարքագծին հարիր չէ. - «Եթե այսպիսի ճանապարհով պետք է գնա Եվրոպայի խորհուրդը, ապա այդ ֆորումը , որը պետք է անցկացնեն Հայաստանում, լինելու է ուղղակի ձեւական բնույթի միջոցառում»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանի խոսքով` «մտահոգություն է առաջացնում, որ այն կազմակեպությունները, որոնք բարձրաձայնում են առկա խնդիրների, քաղբանտարկյալների առկայության եւ այն խնդիրների մասին, որ Հայաստանը չի կատարել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւերի պահանջները, այդ կազմակերպությունները չկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG