Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը միջնորդում է վերադարձնել զոհված ադրբեջանցու դին


Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, քննարկման արդյունքում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին»:

«Մարմինը վերադարձնելու հարցում միջնորդելու խնդրանքով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինին էր դիմել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշազադեն: Խնդրանքը սեպտեմբերի սկզբին Կիրիլ առաջինը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այս առիթով Վեհափառ հայրապետը հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանին եւ քննարկման արդյունքների մասին տեղեկացրել է Ռուսաց պատրիարքին», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վահրամ քահանան:

«Այսինքն, կարելի՞ է եզրակացնել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը միջնորդում է վերադարձնել Իբրահիմովի դին», - այս հարցին նա պատասխանեց. - «Այո»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG