Մատչելիության հղումներ

Երեւանում համերգով հանդես կգա ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը


Վլադիմի Սպիվակովը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 23-ը սեպտեմբերի, 2010թ.
Վլադիմի Սպիվակովը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 23-ը սեպտեմբերի, 2010թ.

Երեք տարի առաջ ստեղծված ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը ուրբաթ օրը համերգով հանդես կգա Երեւանում:

Աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի գլխավորած նվագախումբը հինգշաբթի երեկոյան Երեւան ժամանեց Բաքվից:

Նվագախմբի հետ Երեւան են եկել ԱՊՀ երկրների հումանիտար ֆոնդի ղեկավար, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, Ռուսաստանի նախագահի մշակութային համագործակցության գծով խորհրդական Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

Լրագրողների հետ հանդիպմանը Վլադիմիր Սպիվակովը ասաց, որ Բաքվի կայացած համերգը իրենց նախագծի մի մասն է կազմում. նվագախումբը, յուրաքանչյուր երկրում հանդես է գալիս, անպայման կատարում է նաեւ տեղի անվանի կոմպոզիտորներից մեկի ստեղծագործություններից: Բաքվում նվագախումբը կատարել է Ուզեիր Հաջիբեյլու ստեղծագործություններից մեկը` կոմպոզիտորի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ:

Վաղը Երեւանում Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90-ամյակի առթիվ կկատարեն նրա «Ուվերտյուրան»:

«Բաքվում չէի եղել Սումգայիթից հետո», - հայտարարեց Սպիվակովը:

Միխայիլ Շվիդկոյը պատմեց նվագախմբի ստեղծման մասին. - «Մենք հասկանում էինք, որ հարկավոր էր ստեղծել մի կառույց, որ օրինակ կծառայեր քաղաքական գործիչների համար, որոնք շատ հաճախ չեն կարողանում համաձայնության գալ, պայմանավորվել տարբեր հարցերի շուրջ: Մենք պարզապես ուզում էինք ցույց տալ, որ տարբեր ազգերի, մշակույթների, երկրների ներկայացուցիչներ կարող են մի հրաշալի կառույց ստեղծել, որն ապշեցնում է իր հարմոնիայով: Հիմա էլ մտադիր ենք քառյակ ստեղծել, որտեղ կնվագեն, թերեւս, կամ հայեր եւ ադրբեջանցիներ, կամ վրացի ու ռուս երաժիշտներ»:

«Երբ քաղաքական գործիչները փոքր-ինչ փիլիսոփայությամբ կներթափանցվեն, եւ Պասկալի հանրահայտ խոսքերը կներթափանցեն նրանց սրտերը, իսկ Պասկալը ասել է, թե ողջ մարդկությունը մի մարդ է ընդամենը, որ ապրում է հավերժ, ահա այդ փիլիսոփայությամբ տոգորվելուց հետո հնարավոր է փոքր-ինչ փոխվի քաղաքական գործիչների վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ: Իսկ մենք փորձում ենք ընդամենը օգնել նրանց», - հավելեց Վլադիմիր Սպիվակովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG