«Ըստ կանոնների` յուրաքանչյուր խորհրդարան ունի մինչեւ 6 ամիս, որպեսզի ձեւավորի նոր պատվիրակություն, եւ եզակի չեն այն դեպքերը, երբ անձը, չհանդիսանալով պատգամավոր, շարունակում է մնալ մինչեւ վեց ամիս ժամկետով պատվիրակության կազմում: Տվյալ պարագայում, կարծում եմ, Գորան Լինդբլադը դեռեւս շարունակելու է մասնակցել ԵԽԽՎ-ի նիստերին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Շվեդիայում Հայկական ասոցիացիաների միության համադրող կենտրոնի խոսնակ Վահագն Ավետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հոկտեմբերի 5-ին, ամենայն հավանականությամբ, գումարվելու է շվեդական նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:
Հարցին, թե հնարավոր է, որ այդ կապակցությամբ հետաձգվի նույն օրը (հոկտեմբերի 5-ին) նախանշված ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, Դավիթ Հարությունյանը արձագանքեց. - «Քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանի հարցը հետաձգվի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում»:
Հարությունյանի պարզաբանմամբ, նոր համազեկուցողը ընտրվում է «գոյություն ունեցող ձեւավորված ավանդույթով». - «Քաղաքական խումբը, որը ունի համապատասխան տեղ, քննարկում է եւ ներկայացնում է համապատասխան թեկնածությունը, որը, որպես կանոն, լինում է մեկ թեկնածություն, եւ այդ թեկնածությունը համարվում է ընտրված առանց քվեարկության»:
Մոնիթորինգի հանձնաժողովի առաջիկա նիստին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Նա նիստում հանդես է գալու զեկույցով:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարեւոր համարեց այն, որ Մոնիթորինգի հանձնաժողովը իրենց ներկայացուցչին հրավիրել է պաշտոնապես. - «Համաձայն ԵԽԽՎ-ի կանոնների, չէր կարող մասնակցել նման քննարկմանը: Բայց սա արդեն երկրորդ անգամն է, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը հրավիրվում է մասնակցելու Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, ինչը նշանակում է, որ Եվրոպայի խորհրդում շատ լավ հասկանում են, թե ինչ ազդեցություն ունի Հայ ազգային կոնգրեսը երկրում եւ ներքաղաքական զարգացումներում»: