Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին»


«Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում:

Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում իր ելույթում նախարարը անդրադարձ է կատարել նաեւ անվտանգությանն առնչվող հարցերին, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Սպառազինությունների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղության եւ անվտանգության, այլ նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը` հավելելով. - «Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը: Սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով: Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, նրա ռազմական բյուջեի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանությանը եւ սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը»:

«Կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մնացել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնը իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: - «Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր: Քանի դեռ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի Զարգացման բոլոր նպատակները իրականացվել են եւ համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն եւ արդարություն»:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նյու Յորք այցելության ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի ղեկավարության, ինչպես նաեւ տարբերի երկրների իր գործընկերների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Սեպտեմբերի 25-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմեկնի Բոստոն, ուր հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG