Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց Բրայզայի թեկնածությանը


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Մեթյու Բրայզայի նշանակմանը` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Երեքշաբթի տեղի ունեցած քվեարկության ժամանակ, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Բրայզայի թեկնածությանը դեմ են արտահայտվել միայն հայամետ երկու սենատորներ` Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը։

Վերջինս նշել է, որ գնահատում է Բրայզայի երկարատեւ դիվանագիտական գործունեությունը, այդուամենայնիվ, դեմ է արտահայտվում նրա թեկնածությանը, քանի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը «ցույց չի տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիային դիմակայելու կարողություն կամ ցանկություն»։

Դիվանագետի թեկնածությանը դեմ արտահայտված երկրորդ սենատորը` Ռոբերտ Մենենդեսը, քննադատել է Բրայզային` Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը անուշադրության մատնելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու համար։ «Բրայզան շատ սերտ կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ ես լուրջ վերապահումներ ունեմ` արդյոք նա կարող է լինել Միացյալ Նահանգների անաչառ ներկայացուցիչը Ադրբեջանում», - հայտարարել է հայամետ սենատորը։

Չնայած հայամետ սենատորների բարձրաձայնած մտահոգություններին` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մյուս 17 անդամները կողմ են քվեարկել Բրայզայի թեկնածությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG