Մատչելիության հղումներ

Վարպետի խոսքով` Աղթամարի եկեղեցու խաչի քաշը 100 կիլոգրամի չի հասնում


Թուրքական իշխանությունների պնդումը այն մասին, որ 200 կիլոգրամ կշռով խաչի տեղադրումը կարող է վնասել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգված գմբեթը, իրականությանը չի համապատասխանում:

Կիրակի օրը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայացած պատարագին մասնակցում էր եկեղեցու խաչը պատրաստած վարպետը` աշտարակցի Ջոնիկ Նիկոլյանը: Նրա խոսքով` եկեղեցու խաչը պատրաստվել է 3 տարի առաջ, երբ Թուրքիայի կառավարության միջոցներով ավարտին էին հասցվում վերանորոգման աշխատանքները 10-րդ դարի հայկական եկեղեցում:

Վերականգնվելուց 3 տարի հետո, սակայն, եկեղեցու գմբեթը շարունակում է մնալ առանց խաչի: Թուրքիայի կառավարությունը, որը եկեղեցին հռչակել է թանգարան, պնդում է, որ խաչի տեղադրումը տեխնիկապես չափազանց բարդ խնդիր է, բացի այդ` այն կարող է վնասել վերանորոգված եկեղեցու գմբեթը:

«Մոտավորապես 3 տարի 8 ամիս առաջ եմ պատրաստել: Այն ժամանակ ես ցանկություն հայտնեցի, որ գայի խաչի հետ` տեղադրեի: Չստացվեց, չթողեցին», - պատարագից հետո Աղթամարում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց վարպետը:

«Հարյուր կիլոգրամ չի հասնում: Խաչի քաշը 80-ից 90 կիլոգրամ է: Այս տեխնիկայի դարում հեշտությամբ կդրվի` եթե ուզեն: Այս խաչը արված է գմբեթի համար, ոչ թե հատակի համար», - հավելեց վարպետը` ցույց տալով խաչը, որը վերջերս է տեղափոխվել Աղթամար կղզի եւ տեղադրվել կեղեցու մուտքի մոտ:

Հույս ունենալով հազարավոր հայ ուխտավորների հրապուրել Վան եւ Աղթամար, ինչպես նաեւ բարի կամքի արտահայտություն ցուցադրել ամբողջ աշխարհին՝ պաշտոնական Անկարան այս տարի թույլատրեց Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցել, սակայն այն հանգամանքը, որ եկեղեցու գմբեթը պատարագի օրը մնալու է առանց խաչի, Հայաստանում վրդովմունքով ընդունվեց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առկախեց պատարագին իր ներկայացուցիչների մասնակցությունը պատարագին, իսկ հայկական որոշ տուրիստական գործակալություններ չեղյալ հայտարարեցին հայ զբոսաշրջիկների ուղեւորությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Մեկնաբանելով Աղթամարում տեղի ունեցած պատարագի շուրջ զարգացումները` իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելով` Թուրքիան վիրավորեց ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ողջ քրիստոնեական աշխարհին:

«Արտասահմանյան լրատվամիջոցները այնքան էլ թուրքանպաստ հաղորդումներ չեն տվել այս արարողության վերաբերյալ», - նշեց Զոհրաբյանը: Այսինքն` Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին այս եկեղեցում պատարագ թույլ տալու նախաձեռնությունը որպես բարեփոխում ցույց տալու` Թուրքիայի ծրագրերը, Զոհրաբյանի կարծիքով, տապալվել են:

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նույնպես կարծում է, որ Թուրքիային չհաջողվեց հասնել իր նպատակներին:

«Կան լրատվամիջոցներ` CNN, BBC, որոնք ասում են, որ որպես եկեղեցի չպահպանելու հարցը նաեւ կարող է կապ ունենալ Թուրքիայի մտահոգության հետ, որ հայերը նաեւ կարող են այդ տարածքները պահանջել: Այսինքն, այնպիսի հարցեր սկսեցին բարձրացվել, որ չեմ կարծում, թե Թուրքիան ցանկանում էր, որ բարձրացվեին», - ասաց Մանոյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, կարծում է, որ Թուրքիան պատարագից որոշակի օգուտ քաղեց:

«Դիվանագիտական սեղանի շուրջ երբ նստեն` Թուրքիան ասելու է, որ պատարագը մատուցվեց հայկական եկեղեցում: Դա արդեն իսկ դրական երեւույթ կգնահատվի, դա իսկապես հետագայում դիվանագիտական գործընթացներում Թուրքիայի համար հաղթաթուղթ է լինելու», - կարծում է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG