Մատչելիության հղումներ

Արեւիկ Պետրոսյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Հրաժարականի պատճառի վերաբերյալ հարցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը արձագանքեց. - «Դա մեր կուսակցության որոշումն է, որեւիցե արտառոց պատճառ չկա: Նա կշարունակի պաշտոնավարել որպես սովորական պատգամավոր մեր ֆրակցիայում, իսկ իր փոխարեն կուսակցությունը ապագայում կառաջարկի նոր թեկնածուի»:

Խաչիկ Գալստյանը ձեռնպահ մնաց կուսակցությունը որոշման պատճառը հայտնելուց, ինչպես նաեւ չասաց, թե ում է «Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր առաջադրել այս պաշտոնում:

Որպես հնարավոր թեկնածուներ` մամուլում շրջանառվում են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ վերջերս «Բարգավաճ Հայաստան»-ին անդամագրված` «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Սամվել Բալասանյանի անունները:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG