Մատչելիության հղումներ

YouTube-ում տեղադրված տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական գործ


Անցած շաբաթ օրը YouTube ցանցում հայտնված` զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն:

«Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից 2010 թվականի սեպտեմբերի 17-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն», - հավելում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատախազության ցուցումով քրեական գործ է հարուցվել իշխանազանցության հատկանիշներով: Նախաքննությունը վարում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը:

Պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բացահայտվել եւ բերման են ենթարկվել «Եղնիկներ» զորամասի երկու զինվոր եւ մեկ սպա:

Նախապես, հիշեցնենք, կասկածի տակ էր դրվել տեսանյութի հավաստիությունը, սոցիալական ցանցերում վարկած էր շրջանառվում, որ այն հատուկ պատրաստված, բեմադրված նյութ է` ուղղված բանակը բարոյազրկելուն։

YouTube-ում շրջանառվող տեսահոլովակը առանձնահատուկ հասարակական հնչողություն ստացավ եւ քննարկումների թեմա դարձավ, որովհետեւ այն ի հայտ եկավ վերջին ամիսներին բանակում բռնությունների եւ զինծառայողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցած ողբերգական միջադեպերի ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG