Էստոնիայի փրկարար ջոկատը 2 օրվա ընթացքում 3 հանձնարարական է ստացել. նրանք 8 վիրավոր եւ 3 դիակ են հանել փլատակների տակից, փորձել են տարհանել երկրաշարժի հետեւանքով բունկերում մնացած մարդկանց:
«Սցենարի համաձայն` երկրաշարժից հետո քանդվել էր բունկերը, եւ աշխատակիցները մնացել էին ներսում: Սերտ աշխատել ենք հայկական եւ արտասահմանյան խմբերի հետ», - պատմեց էստոնական փրկարարական խմբի ներկայացուցիչ Վադիմ Իվանովը:
Գերմանական թիմը կանչերի ժամանակ օգնության է հասել որոնողական մասով: Նրանք վարժեցված շների օգնությամբ գտնում էին տուժածներին եւ հանձնում մյուս թիմերին:
Մասնակցների թվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի թիմը: Նրանք 6 կանչերի են մասնակցել եւ Լեռնային Ղարաբաղի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Արմեն Արիմանյանի կարծիքով` փորձ են ձեռք բերել:
Մասնակից թիմերի շարքում միայն «Սպիտակ» փրկարար ջոկատը հասարակական կազմակերպության կարգավիճակ ուներ` հանդես գալով երիտասարդներից կազմված փոքր թիմով:
Նունե Մարտիրոսյան