Մատչելիության հղումներ

Խստացվելու են անբարեխիղճ մրցակցության համար սահմանված պատժաչափերը


«Ալեքս Գրիգ» ընկերությունը այս տարվա մայիսին տուգանվել էր 2 միլիոն դրամով` օղիների արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար
«Ալեքս Գրիգ» ընկերությունը այս տարվա մայիսին տուգանվել էր 2 միլիոն դրամով` օղիների արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պատրաստվում է խստացնել մենաշնորհների չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության համար նախատեսվող պատժաչափերը:

Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, մրցակցային օրենսդրության խախտումների համար նախատեսված պատժամիջոցները այնքան մեղմ են Հայաստանում, որ տնտեսվարող սուբյեկտները գերադասում են կրկին եւ կրկին խախտել օրենքը` փոխարենը վճարելով չնչին տուգանք: Անբարեխիղճ մրցակցության եւ մենաշնորհների դեմ պայքարը ավելի արդյունավետ դարձնելու համար Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշակել է բարեփոխումների մի փաթեթ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 10-ը տարի առաջ ընդունված օրենքով, մասնավորապես, անբարեխիղճ մրցակցության համար նախատեսվում է 500 000 դրամի չափով տուգանք:

Արտակ Շաբոյանի խոսքով, հանձնաժողովը որոշել է անբարեխիղճ մրցակցության համար սահմանել տուգանքի շեմ, նվազագույնը` 300 հազար դրամի, առավելագույնը` տնտեսվարողի նախորդ տարվա հասույթի 0,1 տոկոսի չափով:

«Այս օրենսդրական փոփոխություններից հետո բոլոր խոշոր սուբյեկտներին մաքսիմալ շեմով ենք տուգանելու», - նշեց հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության համար նախատեսվող պատժամիջոցին, ապա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջարկում է այն հասցնել տնտեսվարողի նախորդ տարվա հասույթի 5 տոկոսին` ներկայիս 2 տոկոսի փոխարեն:

«Այս տիպի երկրներում շատ ավելի կոշտ լուծումներ են պետք, իսկ կոշտ լուծումները չեն արվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը կարծիք հայտնեց Avag Solutions խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը: Փորձագետը հայտարարեց, որ չնայած տարիների ընթացքում խոսվում է, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաներն են, իշխանություններ եւ բիզնես սերտաճումը, սակայն դա վերացնելու համար իրականում ոչինչ չի արվում:

«Պրոբլեմ է, որը կախված է մեր մենթալիտետից, ինչպես նաեւ երկրի քաղաքական դասավորվածությունից: Բիզնեսը իշխանությունների հետ խառնված է: Նայելով պառլամենտի անվանացանկերը, [լուծում] չեմ տեսնում», - նշեց էկոնոմիկայի նախկին նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG