Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ակտիվիստի բողոքի դատաքննությունը հետաձգվեց` ոստիկանության պատճառով


Տիգրան Առաքելյան
Տիգրան Առաքելյան

Անցած տարի մի քանի ամիս ազատազրկման մեջ անցկացրած ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի բողոքի հիման վրա երեքշաբթի օրը հրավիրված դատական նիստը հետաձգվեց, որովհետեւ ոստիկանության Երեւանի քրեական վարչության Կենտրոնի քննչական բաժինը շարունակում է հրաժարվել տրամադրել Առաքելյանի քրեական գործը:

«Ենթադրություն կարող եմ անել, որ քրեական գործի նյութերում կան բաներ, որոնք չէին ուզենա, որ մեր ձեռքին լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Տիգրան Առաքելյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը` նշելով, որ այդ քրեական գործի նյութերը հարկավոր են Տիգրանին, որպեսզի նա կարողանա այնտեղից վերցնել ապացույցներ ու ներկայացնել դատարանին: Խաչատրյանը հավելեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` նախաքննության ավարտից հետո ոստիկանությունը պարտավոր էր, ամեն դեպքում, քրեական գործը տրամադրել մեղադրյալին:

Անցած տարի մի քանի ամիս ազատազրկման մեջ պահվելուց հետո ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեց` հանցակազմի բացակայության պատճառով: Միեւնույն ժամանակ, սակայն, նախաքննություն վարող քննիչ Հրաչիկ Սարգսյանը որոշում էր կայացրել, որի համաձայն ոստիկանների գործողությունները, որոնց ցուցմունքների հիման վրա, փաստորեն, մի քանի ամիս անազատության մեջ է եղել Տիգրան Առաքելյանը, «համարվել են օրինաչափ»: Այս տարվա հունիսի 25-ին Տիգրան Առաքելյանը դիմեց դատարան` բողոքարկելով քննիչի կայացրած այս որոշումը:

«Ստացվում է, որ Տիգրան Առաքելյանը արդար մարդ է, սակայն նրան հարվածել են, քրեական հետապնդում են սկսել, կալանքի տակ են պահել, ու համարում են, որ այդ ոստիկանների գործողությունը իրավաչափ է», - պարզաբանում է Առաքելյանի ներկայացուցիչը:

Ի վերջո` այսօր դատաքննությունը վարող դատավոր Գայանե Կարախանյանը թույլատրեց, որ Առաքելյանն ու իր ներկայացուցիչը երկշաբաթյա ժամկետում ծանոթանան դատարանի տրամադրության տակ եղած նշված քրեական գործի նյութերին, որոնք դատարանի պահանջով էին ստացվել նախաքննությունը վարող մարմնից:

Այսօրվա դատական նիստին, ինչպես նախորդ նիստերին, պատասխանող կողմը` քննիչ Հրաչիկ Սարգսյանը, ներկա չէր:

2009 թվականի հուլիսի 1-ին Տիգրան Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս երկու երիտասարդ ակտիվիստներ ահազանգեցին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի եւ բռնության են ենթարկվել ընդդիմության հուլիսի 2-ի արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս: Միջադեպից հետո Տիգրան Առաքելյանը կալանավորվեց` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Առաքելյանը ազատ արձակվեց միայն 2009-ի հոկտեմբերին, իսկ 2010-ի ապրիլի 19-ին Տիգրան Առաքելյանը արդարացվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG