Մատչելիության հղումներ

Հայաստանյան ընկերությունը հավակնում է ԱՄՆ-ի պետքարտուղարի մրցանակին


Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում առաջատարներ ընկերություններից «Սինոփսիս-Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Միացյալ Նահանգների պետքարտուղարի հեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխությանը եւ հայտնվել կիսաեզրափակիչ անցած 12 ընկերությունների շարքում:

Եզրափակիչ փուլը կկայանա, հավանաբար, մինչեւ աշնան վերջը, եւ 12-ից կընտրվեն 3 լավագույնները, որոնք կարժանանա Պետքարտուղարի մրցանակին:


«Այն հանգամանքը, որ մենք ընտրվել ենք լավագույն 12 ընկերությունների մեջ, ճիշտն ասաց անսպասելի էր»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը` շարունակելով. - «Որովհետեւ ենթադրում էինք, որ հարյուր հազարավոր ամերիկյան ընկերություններ կան ամբողջ աշխարհում: Այնպես որ, լինել այդ 12-ի մեջ բավական պատվավոր է»:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլից, Մուսայելյանը արձագանքեց. - «Եթե դուք այս հարցը տայիք մի քանի օր առաջ, ես կզգուշանայի, չէի պատասխանի: Բայց քանի որ հայտնվել ենք 12-ի շարքում, ես մեծ հույսեր ունեմ, որ մենք կհայտնվենք նաեւ 3-ի շարքում»:

Անդրադառնալով ՏՏ ոլորտին ուղղված պետական աջակցությանը` Հովիկ Մուսայելյանը կարծիք հայտնեց, թե «կառավարությունը միանշանակ ցանկանում է բարեփոխումներ իրականացնել ոլորտում».- «Բայց թե ինչքանով է դա ստացվում` դժվար է դրան միարժեք գնահատական տալ: Ի տարբերություն այլ ոլորտների, մեր ոլորտում փոփոխությունները այնքան արագ են տեղի ունենում, նորագույն տեխնոլոգիաների ներդրումները այնքան արագ են տեղի ունենում, զարգացումները այնքան արագ են տեղի ունենում, որ մենք շատ ավելի անհամբեր ենք եւ շատ ավելի պահանջատեր ենք մեր հարցերին, քան մյուս ոլորտների ընկերությունները: Այդ առումով, իհարկե, կառավարությունը չի հասցնում»:

Նրա կարծիքով, պետության դերը հիմնականում օտարերկրյա ներդրողներին վստահություն ներշնչելն է, որ ներդրումները ապահովագրված են տվյալ երկրում:

Հովիկ Մուսայելյանը համաձայն չէ, որ ՏՏ ոլորտում աշխատուժն այսօր Հայաստանում էժան է:

«Եթե նախկինում Հայաստանը բավական գրավիչ էր ինտելեկտուալ որակյալ արտադրանքի ցածր ինքնարժեքով արտադրման առումով, ապա այսօր տենդենցները այդպիսին չեն…Գնալով բարձրանում են աշխատավարձերը: Եթե այս տենդենցները շարունակվեն, Հայաստանը կարող է իր գրավչությունը կորցնել: Ոորվհետեւ ռեգիոնալ այլ երկրներում աշխատավարձի նման թռիչքաձեւ զարգացումներ չկան: Սա էլ ունի իր օբեկտիվ պատճառները», - ասաց նա` պարզաբանելով. - «Հայաստանում գնաճի պայմաններում, ինֆյլացիայի պայմաններում այս տարիների ընթացքում, որպեսզի մարդկանց, ինժեներների կենսամակարդակը կտրուկ չիջնի, ընկերությունները ստիպված էին որոշակի ներդրումներ անել աշխատավարձի ֆոնդի բարձրացման առումով: Բնական է, այդ ներդրումները բերում էին նաեւ ինքնարժեքի բարձրացման: Եվ ապագայում եթե այս տենդենցը շարունակվի, կարծում եմ, օտարերկրյա ներդրողները լուրջ մտահոգությունների առիթ կունենան` արդյո՞ք Հայաստանը գրավիչ է իրենց համար որպես էժան աշխատուժ ունեցող երկիր»:

«Ինտերնետ օգտագործողների ցածր տոկոսը Հայաստանին չի կարող մրցունակ դարձնել», - ասաց Հովիկ Մուսայելյանը` հավելելով սակայն, որ ինքը լավատես է այդ հարցում:

«Կառավարությունը այսօր առաջարկում է ազգային ցանցի ստեղծման գաղափարը`100 մեգաբիտ-վայրկյան արագությամբ: Կարծում եմ, այդ ծրագրի մեջ բավական դրական բան կա: Հեռահաղորդակցության ընկերությունները լուրջ ներդրումներ են անում, բերում են բավական թանկարժեք սարքավորումներ: Կարծում եմ, որ դա կբերի ինտերնետի հասանելության մեծացմանը եւ ինտերնետի որակի բարձրացմանը», - նշեց նա:

Մուսայելյանի խոսքով, տառացիորեն մի քանի տարվա ընթացքում ինտերնետի հասանելիության առումով Հայաստանը կարող է լուրջ մրցակից լինել տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG