Մատչելիության հղումներ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի մուտքն արդեն վճարովի է


«Խոսրովի անտառ» պետական արգելոց
«Խոսրովի անտառ» պետական արգելոց

Մոտ մեկ ամիս է, ինչ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մտնելու համար պետք է վճարել: Արգելոցի պատասխաատուները պնդում են, որ այս քայլն ուղղված է գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացմանը, իսկ էկոակտիվիստ Մարիամ Սուխուդյանի կարծիքով`վճարներ սահմանելուց առաջ հարկավոր է կործանումից փրկել արգելոցն ու այնտեղ գտնվող հուշարձանները:

«Ես իհարկե ընդունում եմ, որ էկոտուրիզմի զարգացման համար պետք է վճարել արգելոց մտնելու համար: Բայց ես տեսնում եմ, որ այստեղ մասնավոր շահ է զարգանում, տեսնում եմ աճող ռեստորանային համալիրը, հին հայկական եկեղեցու հարեւանությամբ մատաղատեղի ու խրախճանքի վայր կառուցելու ցանկությունները, մտածում եմ ինչի՞ համար եմ ես վճարում», - նշում է Մարիամը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանն ասում է, որ ստացված եկամուտն ամբողջությամբ ուղղվում է էկոտուրիզմի զարգացմանը: - «Մուտքն արժե 3000դրամ, որը ներառում է ուղեկցողի վարձը, ով ապահովում է այցելուի անտանգությունը: Բայց այս գումարը չի ներառում թարգմանչի, էքսկուրսավարի, տրանսպորտային միջոցի ծառայությունները», - նշում է նա:

Արգելոցում այսօր գործում է 5 երթուղի` տարբեր հեռավորություններով: 5000 դրամով այցելուն կարող է վարձել ուղեկցորդ եւ տրանսպորտային միջոց: - «Վճարովի կարգը սահմանված է դեռ ժամանակավոր բնույթով` համաձայնեցնելով բնապահպանության նախարարության հետ», - բացատրում է արգելոցի տնօրենը:

Մարիամը հաճախ է լինում «Խոսրովի արգելոցում» եւ նշում է, որ բացի բուսատեսակներից, տարածքում շատ են հուշարձաններն ու ճարտարապետական արժեք ներկայացնող կոթողները: - «Գնում տեսնում ենք, որ 100-ից ավելի խաչքարերը ժամանակի ընթացքում անհետանում են: Եթե դա արգելոց է, անհապաղ պետք է ապամոնտաժել այնտեղ կառուցվող ռեստորանը, բարեկարգել տարածքն ու հետո միայն քաղաքացիներից մուտքի համար գումարներ պահանջել», - կոչ է անում է Մարիամ Սուխուդյանը:

Խոսրովի արգելոցում «Գիլան» պետական արգելավայրը ստեղծվել է 2007 թ-ին: Կառավարության որոշմամբ` այն տրվել է վարձակալման 60 տարի կառուցապատման եւ 10 տարի գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակներով:

2 ամիս առաջ բանապահպանության նախարարության հրամանով դադարեցվել է արգելոցում իրականացվող շինարարությունը: Այն շարունակելու կամ կասեցնելու հարցը որոշվելու է կազմված հանձնաժողովի կողմից:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG