Մատչելիության հղումներ

Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ բանակցությունների հիմնական թեման ազատ առեւտրի պայմանագիրն է


Նոյեմբերի 18-19-ը Բեռլինում Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում կայանալիք նիստին պետք է հստակեցվեն եւ կոնկրետացվեն ծրագրի առաջնահերթությունները։

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրով նախատեսվում է նախկին խորհրդային 6 երկրների համար վիզային ռեժիմի մեղմացում, առեւտրի ազատականացում։ Փոխարենը ԵՄ-ն հիշյալ 6 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Բելառուսից եւ Ուկրաինայից, պահանջում է բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարության բնագավառում:

«Կոնկրետ Հայաստանի դեպքում բանակցությունները այս պահին ընթանում են միայն ազատ առեւտրի պայմանագրի շրջանակներում։ Այսինքն՝ այլ խնդիրներ առայժմ կոնկրետ քննարկման թեմա չեն», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով այս ուղղությամբ զարգացումները՝ ասաց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանի կարծիքով՝ Եվրամիությունը շատ հետաքրքրված է ազատ առեւտրի գոտի եւ Հայաստանի հետ վիզային ռեժիմը մեղմացնելու հեռանկարով, եւ դրանք իրականանալի գործընթացներ են։

Պայքար իմիտացիոն գործընթացների դեմ


Եվրամիության առաջադրած պայմաններից մեկը «Արեւելյան գործընկերության» գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունն է քաղաքացիական հասարակության ֆորումի ձեւաչափով։ Ֆորումն իրենից ներկայացնում է հիշյալ 6 պետությունների քաղաքացիական հասարակության եւ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հավաք, որը կհետեւի «Արեւելյան գործընկերության» օրակարգին, կմասնակցի քննարկումներին, առաջարկությունների ներկայացմանը, ինչպես նաև կվերահսկի «Արեւելյան գործընկերության» համաձայնագրերի իրականացումը:

Բորիս Նավասարդյան, Կարինե Դանիելյան
Բորիս Նավասարդյանի խոսքով, ժողովրդավարությանը առնչվող խնդիրները առայժմ կոնկրետ օրակարգից դուրս են, որովհետեւ բանակցությունների առաջնահերթությունների օրակարգը որոշվում 6 թիրախ երկրների կառավարությունների հետ համատեղ։

«Վեց երկրները շատ տարբեր են, օրակարգի վերաբերյալ համաձայնության հասնելը շատ դժվար է։ Ասենք՝ Բելառուսին համոզել, որ պիտի կոնկրետ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացվեն, շատ դժվար է, եւ, բնականաբար, այդ բոլոր սուր հարցերը պաշտոնական օրակարգից դուրս մնացին», - նշեց Նավասարդյանը՝ ընդգծելով. - «Բայց ֆորումի օրակարգում ժողովրդավարական բարեփոխումները բնականաբար մնում են առաջնային եւ ֆորումը իր քաղաքացիական հասարակությունների միջոցով փորձելու է փոխել այդ իրավիճակը»։

Բորիս Նավասարդյանի կարծիքով, նույնիսկ եթե ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում բարեփոխումներ չարձանագրվեն, Եվրամիությունը չի ընդհատի «Արեւելյան գործընկերության գործընթացը»։

Բնապահպան Կարինե Դանիելյանը, ով նույնպես Արեւելյան գործընկերություն ծրագրի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ է, հավելեց, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարող են բարեփոխումների իմիտացիա ստեղծել։

«Իմիտացիոն գործընթացների հարցում մեզ մոտ այնքան են վարպետացել, որ ոչ մի խնդիր չունենք», - ասաց Դանիելյանը, - «հասարակական կազմակերպությունների դերակատարությունը ես հիմնականում տեսնում եմ նրանում, որ այդ իմիտացիոն գործընթացները կանգնեցնեն եւ հասնեն նրան, որ ռեալ գործընթացներ ընթանան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG