Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 8-ի մամուլ


«Ժամանակ» թերթը հարցազրույց է վերցրել Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանից: Հարցին, թե ինչպիսի «ներքաղաքական աշուն» է կանխատեսում, նա պատասխանել է. - «Որեւէ արտառոց բան չեմ սպասում, այսինքն` եթե ինչ-որ բան սպասում էլ եմ, ապա Կոնգրեսից եմ սպասում, բնականաբար, որովհետեւ այս պահին որեւէ այլ ուժ չկա, որը այդպիսի հայտ ներկայացրած լիներ: Բայց, ցավոք սրտի, նախորդ հանրահավաքային դադարը այնքան հուժկու եւ երկարատեւ ստացվեց, որ նույնիսկ ցանկության դեպքում միանգամից շատ արագ ստարտ հնարավոր չէ ունենալ: Ես տեղյակ չեմ` կա՞ ընդհանրապես ցանկություն վերականգնելու շարժման նախկին ուժը եւ հզորությունը, բայց եթե այդպիսի բան կա, ապա բնականաբար, փուլային, կամաց-կամաց ընդլայնվելու ճանապարհով պիտի դա լինի: Բայց չեմ բացառում, որ պարզապես հերթական հանրահավաքը լինի ամսի 17-ին: Այսինքն` սպասողական, քաղաքական դաշտում տեղը ֆիքսելու, պահպանելու խնդիր լուծի, բայց ոչ մի էական ծրագիր չներկայացվի, որովհետեւ, ցավոք սրտի, տեսնում եմ, որ այնուամենայնիվ, գերիշխող տրամադրությունը այն է, որ երկարատեւ պայքար պիտի լինի, որը ինքնըստինքյան նաեւ նշանակում է, որ հերթական ընտրություններ կլինեն` խորհրդարանական, հետո` նախագահական: Այսինքն, հեղափոխականությանը` ոչ»: Հարց. - «Այսինքն` դուք այս աշնանը արտահերթ ընտրությունների նշույլ չե՞ք տեսնում»: Պատասխան. - «Ես ինքս չեմ տեսնում այդպիսի բան եւ շատ կզարմանամ, եթե այդպիսի ծրագիր հանկարծ ներկայացվի: Կզարմանամ, բայց նաեւ կուրախանամ»:

«Հայկական ժամանակ»-ը հետեւյալ հարցն է ուղղել աշխարհահռչակ դիրիժող Օհան Դուրյանին. - «Սեպտեմբերի 17-ի հանրահավաքի համար իշխանությունները հրաժարվեցին տրամադրել Ազատության հրապարակը: Ձեր կարծիքով, իշխանությունները ինչո՞ւ են նման արհեստական խոչընդոտներ ստեղծում այն դեպքում, երբ պարբերաբար հայտարարում են, թե Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժումը մարում է, Կոնգրեսը մեռնում է: Ու նաեւ, տվյալ դեպքում ինչ պետք է անի ՀԱԿ-ը` ընդհարման միջոցով մտնի՞ Ազատության հրապարակ, թե՞ ոչ»: Դուրյանը պատասխանել է. - «Ոչ մի ընդհարում: Ընդհարում, բռնություն` սրանք իշխանությունների երազանքն են: Եթե սեպտեմբերի 17-ին հավաքվեն բոլորը` Սերժ Սարգսյանից վրդովված, կողոպտված, թալանված, աշխատազրկված քաղաքացիները, եթե հանրահավաքին ներկայանան արտագաղթի ճամփան բռնող քաղաքացիները, բանակի եւ դատարանների անկարգություններից դժգոհող մարդիկ, բոլոր-բոլորդ, ապա առանց ընդհարման Ազատության հրապարակը կլինի բոլորինս: Եթե իշխանությունն արգելում է ժողովրդին Ազատության հրապարակ մտնել, ուրեմն ինչքան է վախենում դրանից»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, մասնավորապես, ասում է. - «Նախընտրական տրամադրությունների հետ կապված՝ ասեմ, որ մինչեւ ընտրություններ դեռ բավական ժամանակ կա՝ մոտ 20 ամիս, եւ ժամանակից առաջ ընկնելու դեպքում կարելի է հայտնվել «ֆալստարտի» վիճակում։ Ինչ վերաբերում է արմատականներին, բնական է, որ ՀԱԿ-ը պետք է այս կամ այն կերպ հիշեցնի իր մասին, ցույց տա, որ շնչում է։ Մյուս կողմից՝ ՀԱԿ-ի «գործունեությունը» լուսաբանող լրատվամիջոցներն են տեղի-անտեղի աժիոտաժ ստեղծում կոնգրեսի շուրջ, բայց ժողովրդին հետաքրքիր էլ չէ այդ ամենը, որովհետեւ, նախ, աշուն է՝ բերքահավաքի շրջան է, գյուղացիները, ֆերմերները զբաղված են իրենց հոգսերով։ Քաղաքում էլ մարդիկ իրենց պրոբլեմներն ունեն, շոգն էլ մի կողմից է խեղդում»: Սիմոնյանն այնուհետեւ շարունակում է. - «Այդ ամենը անցած փուլ է՝ իրենք լիակատար սպառված են, հակառակ դեպքում, եթե իրոք ասելիք ունեն, կարող են հավաքվել քաղաքի ցանկացած վայրում, ներկայացնել իրենց ասելիքը, եւ մարդիկ ականջալուր կլինեն։ Բայց, կրկնում եմ, իրենց խնդիրը այդ «բրենդը»՝ Ազատության հրապարակը գրավելն է։ Չեմ կարծում, թե քաղաքապետարանը պետք է թույլ տա, որ իր ջանքերով հանգստի գոտու վերածված այդ տարածքը նորից դառնա հանրահավաքային կրքերի թատերաբեմ»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեկ Ազգային ժողովում կայացած քննարկումներից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե բանակում առկա արատավոր երեւույթների պատճառը հին կանոնակարգն էր, որը համարյա արտագրվել էր խորհրդային օրենսդրությունից: Այ հիմա նորը կընդունենք, եւ ամեն ինչ կամաց-կամաց կկարգավորվի: Չենք վիճում` ինչ-որ բան գուցե իսկապես փոխվի, ընդ որում` երեւի դեպի լավը (դեպի վատը փոխվելու տեղ պարզապես չկա), բայց հարց է ծագում` մի՞թե ներկայումս գործող օրենսդրությունը թույլ էր տալիս, ասենք, որ զորամասերում գործեն բանտային օրենքները, որ սպաները ծեծուջարդի ենթարկեն զինվորներին, նալոգներ սահմանեն, ձրի աշխատեցնեն իրենց ֆերմաներում կամ «օբյեկտներում» եւ այլն: Այսինքն` խնդիրը, մեծ հաշվով, կանոնագրքի բացակայությունը չէ: Խնդիրն այն է, որ գեներալիտետի համար բանակը վաղուց դարձել է ընդամենը շահութաբեր բիզնես, ընդ որում` երաշխավորված եկամուտով: Բանակում իդեալական կարգուկանոն հաստատել` նշանակում է էապես նվազեցնել այս բիզնեսների շրջանառությունը: Ինչ եք կարծում, գեներալիտետը կցանկանա՞ գնալ այդ ճանապարհով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG