Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մի շարք հանդիպումներ են անցկացրել Բաքվում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն Երեւանում: Հուլիս, 2010թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն Երեւանում: Հուլիս, 2010թ.

Երեքշաբթի օրը առավոտից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպումներ էին անցկացնում Ադրբեջանի իշխանությունների հետ։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, օրվա առաջին կեսին միջնորդները հանդիպել են արտգործնախարար էլմար Մամեդյարովի հետ, ապա բանակցությունները շարունակել նախագահ Իլհամ Ալեիեւի հետ, վերջում՝ կրկին վերադարձել Ադրբեջանի արտգործնախարարություն՝ Մամեդյարովի հետ բանակցելու։

Հանդիպումների ընթացքում, Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելությանը վերաբերող հարցեր։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Այցի վերաբերյալ իրենց գնահատականներում բավական զուսպ են նաեւ Մինսկի խմբի միջնորդները։ Նրանք առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից՝ պնդելով, թե ադրբեջանական կողմի հետ բանակցությունները տարածաշրջան կատարած այցի մի մասն են միայն, որի արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել հայկական կողմի հետ հանդիպումներից հետո։

«Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ մենք Բաքվում ակտիվ բանակցություններ ենք ունեցել», - հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն՝ ընդգծելով, որ այցից առաջ իրենք համատեղ հայտարարություն են տարածել եւ շփումների բավական ակտիվ ծրագիր առաջարկել կողմերին։

Այդ ծրագրով համանախագահները խոստանում են ակտիվացնել բանակցային գործընթացը՝ դեկտեմբերին սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից առաջ։ Այս այցից հետո դիվանագետները կշարունակեն շփումները հակամարտող կողմերի հետ սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Այնուհետեւ՝ սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում, Մինսկի խմբի համանախագահները կրկին կժամանեն տարածաշրջան՝ մի շարք բարձրաստիճան փորձագետների ու մասնագետների փաստահավաք խմբի ուղեկցությամբ։

Մինչ փաստահավաք այդ առաքելության ժամանումը՝ համանախագահները այսօր Բաքվում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններս, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, պնդել են, թե հայկական կողմը ապօրինի շինարարություն է իրականացնում Զանգելանում, Ղուբաթլիում եւ Շուշիում։

«Համանախագահները լսեցին մեր դժգոհությունները եւ խոստացան այդ շրջաններ կատարելիք այցի ընթացքում ուշադրություն դարձնել խնդրին», - APA գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անդամ, կոմպոզիտոր Ֆարհատ Բադալբեյլին։

Վերջինիս խոսքով, ադրբեջանական համայնքը միջնորդներից պահանջել է փաստահավաք խմբի կազմում ընդգրկել նաեւ իրենց ներկայացուցիչներին։

«Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ով խոստացավ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։

Չորեքշաբթի օրը համանախագահները ծրագրում են մոնիտորինգ անցկացնել Ադրբեջանի զինված ուժերի եւ Ղարաբաղի Պաշտպանության բանակի շփման գծում, ապա այցելել Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Ստեփանակերտից, ակնկալվում է, որ չորեքշաբթի կեսօրից հետո միջնորդները կժամանեն Լեռնային Ղարաբաղ եւ նախագահական նստավայրում հանդիպում կունենան նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG