Մատչելիության հղումներ

«Գերմանիան ոչնչացնում է ինքն իրեն»


Թուրք ներգաղթյալները Բեռլինում
Թուրք ներգաղթյալները Բեռլինում
«Գերմանիան ոչնչացնում է ինքն իրեն». մոտավորապես այսպես է թարգմանվում դաշնային հանրապետության ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի` Տիրո Սարացինի վերջին աշխատությունը, որը հրապարակումից ընդամենը տասն օր անց հասցրել է երկու մասի բաժանել Գերմանիան ու դառնալ երկրի ամենաարագ սպառվող գրքերից մեկը։

Սկանադալային գրքի գլխավոր «հերոսը» ներգաղթյալներն են, հիմնականում` թուրքերը, որոնք, հեղինակի պնդմամբ, արագորեն բազմանում են, սակայն որեւէ ջանք չեն գործադրում իրենց մտավոր ունակությունները զարգացնելու եւ գերմանական միջավայրին ինտեգրվելու ուղղությամբ։ «Արդյունքում` երկիրը գնալով հիմարանում է եւ աղքատանում», - հայտարարում է Սարացինը եւ զգուշացնում. - «Եթե այսպես շարունակվի, 100 տարի անց Գերմանիայում ընդամենը 25 միլիոն գերմանացի կապրի` 35 միլիոն մահմեդականների դիմաց»։

Իրավիճակը շտկելու համար, հեղինակը, ով երկրի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներից մեկն է, նախկինում զբաղեցրել է Բեռլինի ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ այժմ ընդգրկված է Գերմանիայի կենտրոնական բանկի խորհրդում, հորդորում է իշխանություններին առավել կոշտ քաղաքականություն որդեգրել ներգաղթյալների նկատմամբ, մասնավորապես` կրճատել վերջիններիս տրամադրվող սոցիալական նպաստի չափն ու ծավալը։

«Լիբանանից կամ Թուրքիայից Գերմանիա ժամանող ներգաղթյալները ոչինչ չանելու համար Գերմանիայից ավելի մեծ գումար են ստանում, քան եթե աշխատեին եւ չարչարվեին իրենց երկրում», - փաստարկում է Սարացինը։

Իշխանությունները պարզունակ պոպուլիզմ են որակում վերջինիս հայտարարությունները: «Այն, ինչ հայտարարում է Սարացինը, աբսուրդ է », - թուրքական օրաթերթերից մեկին տված հարցազրույցում ասել է կանցլեր Անգելա Մերկելն ու պնդել. - «Այդ հայտարարությունները վիրավորում են ոչ միայն թուրքերին, այլեւ Գերմանիայի հասարակական շրջանակներին»։

Սոցիոլոգիական հարցումները, սակայն, վկայում են, որ աղմկահարույց այդ հայտարարությունները լայն արձագանք են գտել շարքային գերմանացիների շրջանում: Մասնավորապես, հինգից մեկը հայտարարել է, թե պատրաստ է իր ձայնը տալ Սարիցինին եւ պաշտպանել նրա քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ։

«Շատերի համար Սարացինը մեկն է, ով հանդգնել է ի վերջո ասել այն, ինչ իրենք մտածում, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել», - պնդում են փորձագետները եւ ընդգծում. - «Սա բավական ուշագրավ զարգացում է մի երկրում, որտեղ այլազգիների նկատմամբ խտրականությունն ու ռասիստական դրսեւորումը յուրօրինակ տաբու էր դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG