Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան խոշոր գործարարը նշանակվել է Իրաքում Հայաստանի դեսպան


Հայաստան -- Գործարար Մուրադ Մուրադյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, մասնակցում է իր հայրենի Ծովասար գյուղում նորակառույց դպրոցի բացմանը, 5-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստան -- Գործարար Մուրադ Մուրադյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, մասնակցում է իր հայրենի Ծովասար գյուղում նորակառույց դպրոցի բացմանը, 5-ը նոյեմբերի, 2009թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր Մուրադ Մուրադյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։

Մուրադ Մուրադյանը Իրաքում նշանակված առաջին դեսպանն է։

Իրաքում Հայաստանի դեսպանատունը, որը բացվել է 2003 թվականին, գործել է ընդամենը մի քանի ամիս եւ իրաքյան պատերազմի մեկնարկից օրեր առաջ փակվել։ Այժմ, 7 տարվա ընթացքում առաջին անգամ Իրաքում հայկական դեսպանատունը վերաբացվելու է, եւ մոսկվաբնակ Մուրադ Մուրադյանը տեղափոխվելու է Բաղդադ։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած կենսագրական տվյալների համաձայն` Մուրադ
Մուրադ Մուրադյան
Մուրադյանը 48 տարեկան է, ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը, Ռուսաստանի Տիմիրյազեւի անվան ակադեմիայի ասպիրանտուրայի ցերեկային բաժինը: Տնտեսական գիտությունների թեկնածու է, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դոկտորանտ: 1992 թվականին Մոսկվայում հիմնել է ԲԱՄՕ հոլդինգը, որն իր մեջ ներառում է շինարարության, շինանյութերի արտադրության, ինչպես նաեւ տրանսպորտային փոխադրումների ոլորտի մոտ 1 տասնյակ ընկերություններ։

2005 թվականից Մուրադյանը հանդիսանում է Երեւանի Մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահ՝ այն բանից հետո, երբ նրա ղեկավարած ԲԱՄՕ ընկերությունը Հայաստանի կառավարությունից գնեց Մարզահամերգային համալիրը։

Իրաքի հայկական համայնքը

Մինչեւ 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է շուրջ 25 հազար, որից ավելի քան 15 հազարը բնակվել է Բաղդադում, մնացյալը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք եւ հյուսիսային սահմանամերձ Զախո քաղաքներում: Նշված բոլոր հայաբնակ շրջաններում եղել են հայկական դպրոցներ:

Իրաքյան պատերազմի ընթացքում հայերից շատերը արտագաղթել են արաբական երկրներ։ Մոտ 1000 իրաքցի հայեր ներգաղթել են Հայաստան եւ հաստատվել այստեղ։

Հայաստանի Սփյուռքի նախարարության կայքէջի տվյալներով, Իրաքում այժմ ապրում է շուրջ 15 հազար հայ:

Հայ խաղաղապահների առաքելությունն Իրաքում

Լեհական հրամանատարության ներքո՝ բազմազգ դիվիզիայի կազմում, Իրաքում պաշտպանական եւ մարդասիրական ծառայություն են անցկացրել նաեւ հայ խաղաղապահները:

Հայ խաղաղապահները Իրաքում ծառայեցին մոտ 3 տարի՝ 2005-ից 2008 թվականներին։

Հետպատերազմյան Իրաքի վերականգնման գործընթացի շրջանակներում հայկական գումարտակի կազմում եղել էին բժիշկներ, վարորդներ ու սակրավորներ:

Խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում զոհեր չեղան, սակայն ծանր վիրավորվեց մեկ սպա՝ Գեորգի Նալբանդյանը, ում ոտքը ավելի ուշ անդամահատվեց: Ոտքի անդամահատությունից հետո սպան շարունակում է ծառայությունը խաղաղապահ բրիգադում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG