Մատչելիության հղումներ

Միջնորդները սկսել են հանդիպումները Բաքվում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն երեքշաբթի առավոտյան ժամանել է Բաքու, եւ միջնորդները` ողջ կազմով, սկսել են հանդիպումները Ադրբեջանի իշխանությունների հետ։

«Նովոստի - Ազերբայջան» գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, համանախագահները արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ. քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելությանը առնչվող մանրամասներ։

Համանախագահները ծրագրում են մի քանի շաբաթից` սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում, կրկին տարածաշրջան այցելել, այս անգամ, սակայն, մի շարք բարձրաստիճան փորձագետների, այդ թվում` ՄԱԿ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` փորձագիտական այդ խմբի նպատակն է դիտարկել եւ գնահատել մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում, ընդ որում, նման առաքելությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հանդես է գալիս 2005 թվականից ի վեր առաջին անգամ։

Հակամարտության կարգավորման շուրջ Բաքվում այս օրերին հանդիպումներ է անցկացնում նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին.ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ եւ պարզել նրա տեսակետը բանակցային գործընթացի ու խնդրի կարգավորման տարբերակների շուրջ: «Այս մարդասիրական խնդիրը արդեն շատ երկար ժամանակ է շարունակվում, այն խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին», - ըստ APA գործակալության` հայտարարել է Սեմենեբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG