Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 7-ի մամուլ


«168 ժամ»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով սահմանային գոտում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտման փաստերին` Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը անընդունելի է համարել միջնորդ երկրների պահվածքը: «Հունիսին տեղի ունեցած դեպքերից հետո ես հրապարակայնորեն հարց բարձրացրեցի, որ ԵԱՀԿ-ն պարտավոր է նախաձեռնել միջազգային հետաքննություն` միջադեպը լիարժեք բացահայտելու համար: Ցավում եմ, բայց ո'չ ԵԱՀԿ-ն եւ ո'չ էլ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները ջանք չգործադրեցին, որպեսզի այդ հետաքննությունն իրականություն դառնա», - ասել է Մայիլյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի սկզբներին Ղարաբաղին հարակից տարածքներ նախատեսվող այցին` «Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Մեծ հաշվով, 16 տարի շարունակ այդ տարածքներն առանձնապես չեն հետաքրքրել միջազգային կառույցներին, իսկ հիմա հանկարծ մի մեծ խմբով գալիս են «տեղում իրավիճակն ուսումնասիրելու»: Նման այցերը, որպես կանոն, տեղի են ունենում «ընդունման-հանձնման» արարողություններից առաջ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդ տարածքների ճակատագիրը որոշված է. Սերժ Սարգսյանը պատրաստ է հանձնել դրանք: Իհարկե՝ պայմանով, որ Ադրբեջանն ընդունի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Ընդ որում, նման նախանշաններ առայժմ չեն երեւում, բայց միջազգային կառույցներն ամեն դեպքում գալիս են «գույքագրելու» ազատագրված տարածքները։ Տեսնես, ինչո՞ւ է այդպես»:

«Համաձայն եմ, որ իշխանությունը, մերժելով ՀԱԿ-ի իրազեկումների դիմումները, ակամա նրանց շահարկումների թեմա է տալիս ու գործունեության դաշտ ապահովում», - «Հայոց Աշխարհ»-ին ասել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: «Արմատականները մի թերություն են գտնում, ու այն վերացնելուն, ժողովրդի վիճակը բարելավելուն աջակցելու փոխարեն, մի բաժակ ջրում փոթորիկ են սարքում: Ստացվում է, որ հայ ժողովրդի փրկիչ ներկայացող ՀԱԿ-ը ժողովրդի համար ոչինչ չի պատրաստվում անել, բայց խոստանում է դրախտային պայմաններ ապահովել իշխանության գալուց անմիջապես հետո», - նշում է պատգամավորն ու հավելում.- «Մեր ընկալմամբ, քաղաքական ընդդիմության անելիքը միայն իշխանությանը քննադատելը չէ, այլ նաեւ կառուցողական գործունեություն ծավալելը: Եթե ընդդիմությունը գիտի հիվանդությունը բուժելու դեղատոմսը, ապա պետք է այն գաղտնի չպահի, այլ աջակցի, որ ժողովրդին հուզող խնդիրները լուծվեն հնարավորինս արագ: Եթե, իհարկե, ժողովրդի հոգսերը նրանց հետաքրքրում են»:

«Հրապարակ»-ում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է. - «Պետք է լինեն հսկայական քաղաքական փոփոխություններ: Հայաստանում պետք է լինեն, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններ եւ այդ ընտրությունները պետք է լինեն մաքուր, ազատ, կամ գոնե այդ ընտրությունների արդյունքում պետք է իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի կլինեն ապագայում Հայաստանին ապահովել ազատ, թափանցիկ ընտրություններով: Միայն դրա արդյունքում Հայաստանը կկարողանա մաքրվել այսօրվա կեղտից»:

«Վերջին 10 տարիների ընթացքում ամեն ինչ Հայաստանում բաժանվեց «էլիտարի» եւ «ոչ էլիտարի»։ Հերթը հասավ կրթությանը», - կարդում ենք «Առավոտ»-ի խմբագրականում: - «Իսկական, առանց չակերտների էլիտար դպրոցների անհրաժեշտությունը մեզ մոտ կա։ Եվ դրանք արդեն իսկ ստեղծվել էին կոմունիստական շրջանում։ Օրինակ, ֆիզմաթ դպրոցները կոչված են դաստիարակել այդ բնագավառի վերնախավը։ Բայց այստեղ սովորում են կամ, համենայնդեպս, պետք է սովորեն օժտված երեխաները՝ անկախ իրենց ծնողների դրամապանակի պարունակությունից։ Իսկ այն, ինչ ուզում է անել մեր կառավարությունը հիմա, բացարձակապես այլ ոլորտից է՝ ստեղծել «էլիտար» դպրոցներ, որոնց ուսուցման լեզուն հայերենը չի լինելու։ Պարզ է, որ այդ դպրոցները նույն ռեստորանների, սաունաների եւ այլնի շարքից կլինեն։ Կեղծ «էլիտա» բուծելու մեջ ամենավտանգավորը հենց օտարամոլության շեշտն է։ Այսինքն՝ դրանց շրջանավարտները՝ Պոլսում կամ Թիֆլիսում ապրող քաղքենի հայ տիկնանց նման, սեթեւեթելու են՝ «մենք հայերեն չենք գիտեր», կարծես հպարտանալով դրանով։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով զբաղված է Գյումրիում իր շաքարի գործարանի փորձարկմամբ, թղթակցին ասել է, թե գործարանը բացվելու է այս ամսվա վերջին, ժապավենն էլ Սերժ Սարգսյանն է կտրելու։ «Ալեքսանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե գործարանի բացումից հետո շաքարավազի գների անկում արձանագրվելո՞ւ է։ «Գործարանը մի 10 օր է, փորձարկվում է, արտադրանքն արդեն շուկա է մտել, բայց գները կախված են միջազգային գներից, ընթացքում քիչ-քիչ կիջնեն», - ասաց պատգամավորը։ Նա նաեւ նշեց, որ շաքարավազի հումքը բերում է Բրազիլիայից, այս պահին գործարանում մոտ 600 հոգի են աշխատում, եւս 150 հոգի հրավիրվել են Չեխիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից՝ տեղի բանվորներին շաքարավազի արտադրության տեխնիկան սովորեցնելու համար»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG