Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 3-ի մամուլ


Ի շարս Մոսկվայի հետ հարաբերություններում Բաքվի` իբրեւ ինքնիշխան գործընկեր հանդես գալու իրողությունը հիմնավորող փաստարկների, «Ժամանակ»-ն ուշադրություն է հրավիրում նաեւ հետեւյալի վրա. - «Բավական է նկատել, որ Ռուսաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել էր ոչ թե Ալիեւը, այլ Ադրբեջանի փոխվարչապետը: Այլ կերպ ասած` ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը փորձում է ռուսների գիրկը նետվելու փոխարեն, զբաղվել ինքնուրույն քաղաքականությամբ: Եվ այդ պարագայում արդեն ամենեւին կարեւոր չէ, թե տարածաշրջանային շահի տեսանկյունից եւ իրեն հուզող գլխավոր խնդրի` Ղարաբաղի հարցի առումով ի՞նչ դժվարությունների առաջ է կանգնած Ադրբեջանը, որին կարծես թե փորձում են համոզել, որ Ղարաբաղի անկախությունը այլընտրանք չունի: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր պրոբլեմները փորձում է լուծել անձամբ, իսկ Հայաստանը դրա լիազորությունը տալիս է Ռուսաստանին ու հրճվում, որ ինքն այլեւս անելիք չունի եւ գլխավորն արել է` գտել է հզոր հովանավոր: Մինչդեռ Ադրբեջանը ավելի շուտ եւ ավելի հիմնավոր է գիտակցել, որ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումների պայմաններում կարեւոր է թեկուզ խնդիրներով եւ պրոբլեմներով, թեկուզ վատ վիճակում, բայց լինել խաղացող, քան թե զգալ գոհ ու երջանիկ, բայց լինել դիտորդ, ինչպիսին դարձել է Հայաստանը, հատկապես Ռուսաստանի հետ վերջին սիրախաղի հետեւանքով»:

«Հայոց Աշխարհ»-ը տագնապ է հնչեցնում Լեռնային Ղարաբաղում երեկ նշված Անկախության տոնի հանդեպ Հայաստանում ցուցաբերվող անտարբերության կապակցությամբ եւ գրում. - «Դժվար է ասել, թե երեկ ինչով էին զբաղված հայաստանցիները: Սակայն մի բան ակնհայտ էր, որ մեր ուշքն ու միտքը, մեր հայացքը ամենեւին ուղղված չէր դեպի Արցախ: Եվ արդեն 19 տարի այդպես է` հայկական երկրորդ հանրապետության անկախության տոնը, ցավոք, որքան էլ կոպիտ հնչի, ասես մեր` հայաստանցիներիս «կողքով է անցնում»: Անցած 19 տարիներին նոր սերնդի գիտակցության մեջ առավելապես արմատավորվել է «Վալենտինի տոնը», քան սեպտեմբերի 2-ի նշանակությունը: Երեւույթը ե՜ւ տխուր է, ե՜ւ վտանգավոր, բայց սա է իրականությունը: Կարծում ենք, հայաստանցիներիս կողմից այդ կարեւոր տոնի անտեսումը չի կարող որեւէ բացատրություն ունենալ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը նշում է. - «Դատելով ամեն ինչից, հացահատիկի շուկայում խուճապը շարունակվում է, եւ առաջիկայում նոր թանկացումներ են սպասվում: Եվ սա` այն դեպքում, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում հացն արդեն թանկացել է մոտ 40 տոկոսով, ալյուրը` մոտ 70 տոկոսով: Հակամենաշնորհային հանձնաժողովն, իհարկե, թեւքերը քշտած` «ուսումնասիրում է շուկան», ու չի բացառվում, որ նույնիսկ մի երկու ընկերության տուգանի, բայց դրանից իրավիճակը հազիվ թե փոխվի: Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում: Ցորեն ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի փոխտնօրենն, օրինակ, պնդում է, որ այս ամենն արհեստական է: Ինչ-որ մարդիկ լուրեր են տարածել, թե ալյուր չի լինելու, ահավոր դեֆիցիտ է, ու մարդիկ խուճապահար սկսել են բարձր գներով «գլխից դուրս» ալյուր գնել: Հետաքրքիր է` ովքե՞ր են այդ «ինչ-որ մարդիկ», եւ ինչպե՞ս է պատահել, որ իշխանությունները չեն կարողանում բացահայտել նրանց: Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ հատուկ ծառայությունները բոլոր շատից-քչից լուրջ գործարարների յուրաքանչյուր քայլը վերահսկում են, հեռախոսազրույցները` գաղտնալսում եւ այլն: Բա ինչո՞ւ չեն բացահայտում այն մարդկանց, ում հանցավոր գործունեության արդյունքում միայն վերջին մեկ ամսվա ընթացքում 3 միլիոն մարդու հասցվել է ընդհանուր առմամբ մոտ 2 միլիարդ դրամի վնաս»:

«Առավոտ»-ը գրում է. - «Կիլիկիա թաղամասում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարեւանությամբ արդեն մի քանի ամիս է` գործում է Max oil բենզալցակայանը: Այն բնակելի տներին այնքան մոտ է տեղակայված, որ նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ անվտանգության նորմերին չի համապատասխանում: Այդ տարածքի բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ խիստ անհանգստացած են եւ զարմացած, թե ինչպես են համապատասխան մարմինները թույլ տվել բնակելի տներին եւ դպրոցին այդքան մոտ բենզալցակայան կառուցել»: Բնակիչներից մեկը թերթին ասել է. - «Չգիտենք, թե ում բողոքենք: Անկեղծ ասած, մի քիչ վախենում ենք: Գիտենք, որ սովորական մարդ չէ այդ օբյեկտի տերը: Բայց մեզ ավելի շատ անհանգստացնում է, որ մեր երեխաներն են այստեղով անցնում, դպրոց գնում: Ախր մի քանի մետր հեռավորության վրա տներ կան: Բացի այդ, հաճախ լսում ենք, որ մեքենաներ են պայթում գազի արտահոսքից: Մի օր էլ հնարավոր է մեկը ծխախոտի մնացորդ գցի այդտեղ, ու մենք կորած ենք: Ամեն օր նման մի բանի ենք սպասում»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «2010-2011 ուսումնական տարում Ադրբեջանում առաջին դասարան է գնացել 123 հազար 844 երեխա: Սա 5 հազարով ավելի է, քան նախորդ ուսումնական տարում: Իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանի դպրոցներում սովորում է 1 միլիոն 342 հազար 500 աշակերտ: Համեմատության համար նշենք, որ այս տարի Հայաստանում, կրթության եւ գիտության նախարարության նախնական տվյալներով, առաջին դասարան է գնացել մոտ 37 հազար երեխա` նախորդ տարվա 36 հազարի համեմատ: Հայաստանյան դպրոցներում, ընդհանուր առմամբ, սովորում է 392 հազար 946 երեխա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG