Մատչելիության հղումներ

Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսների հայտարարությունը


ՀՖՀ ռեկտորի հայտարարությանը պատասխանում ենք հետեւյալը.

Աշխատանքից ազատվել են թվով 29 դասախոսներ:

Ռեկտորի խոսքով դասախոսներն ազատվել են օրենսդրության պահանջներին համաձայն, մինչդեռ դասախոսների պայմանագրերն անժամկետ են, և ռեկտորն իրավունք չուներ պայմանագրի ավարտի հիմքով դասախոսներին ազատել աշխատանքից:

Իր կողմից բերված այն փաստը, որ դասախոսներին ծանուցվել է, հիմք չէ անօրինական ազատումը հիմնավորելու համար: Ընդ որում օրենքից չի բխում նաև պայմանագրերի կնքումը այն դասախոսների հետ , որոնք շարունակելու են աշխատանքը:

Կամ ռեկտորը չունի կոմպետենտ օգնականներ, և իրավախորհրդատու, կամ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը` արդարացնելու իր համար քմահաճ ու կամայական գործողությունները:

Առավել քան վիրավորական է իրենց գործողությունները քողարկել դասախոսներին վարկաբեկելու միջոցով:

Ռեկտորի արտահայտությունը, թե Անգլերենի ամբիոնի ազատված դասախոսները չունեն անհրաժեշտ որակավորման մակարդակ` համալսարանի կողմից վերապատրաստման դասընթացի ավարտին Բրիտանական խորհրդի կողմից անցկացված քննության արդյունքում, մեղմ ասած, անհեթեթ և անգամ ծիծաղելի է, քանի որ ավելի լավ է ներկայացնել հավաստագրերը:

Ասենք ավելին` կա ազատված երիտասարդ մասնագետ, որը նույնիսկ չի մասնակցել այդ դասընթացին ոչ թե նրա համար, որ չէր կարող, այլ համալսարանի կողմից չի եղել նման պահանջ:

Վերջին 4-5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների շարքերը համալրվել են դասախոսներով, որոնցից և ոչ մեկը չի անցել այդ դասընթացը, որովհետև չի պահանջվել այն: Այստեղից հարց տիկին ռեկտորին. ի՞նչ չափորոշիչներով է գնահատում ներկայիս ամբիոնի դասախոսներին, որոնցից 4-ը ընդհանրապես չեն մասնակցել Բրիտանական խորհրդի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին: Ցածր որակավորման պարագայում սույն համալսարանը աշխատանքից ազատված դասախոսին չէր երաշխավորի Անգլերենի ամբիոնի վարիչի պաշտոնում մնալ շուրջ 4 տարի, ավելին` միանշանակ ներկայացնելով փայլուն երաշխավորագիր, որը պետք է ներկայացվեր ԱՄՆ դեսպանատուն, որտեղ մասնավորապես նշված է. «Գայանե Հակոբյանը աշխատում է Ֆրանսիական համալսարանում սկսած 2001 թ. սեպտեմբերի 1-ից: Այդ ժամանակվանից ի վեր նա աշխատել է որպես անգլերեն լեզվի դասախոս, նրա կատարած աշխատանքը միշտ արժանի է եղել ադմինիստրացիայի բարձր գնահատականին: Նրա գիտելիքներն ու հմտությունը կատարյալ են: Նա պետք է վերսկսի իր պարտականությունները 2010թ. օգոստոսին: Անհամբերությամբ սպասում ենք վերսկսելու մեր համագործակցությունը տիկին Հակոբյանի հետ 2010-2011 թթ. ուս. տարվա համար»:

Դատելով նշվածից` կարելի է եզրակացնել, որ այդ հարգարժան ռեկտորը կամ ստում է, կամ ինչ-ինչ հանձնարարություն կատարելով` մոռացել է իր իսկ տված երաշխավորության և գնահատականի մասին: Փաստորեն կասկածելի են դառնում թե այս, թե հետագա «բոլոր հաստատումները»:

Ինչպե՞ս հասկանալ, երբ կատարվում է դասաբաշխում և ասվում է` անձնագրերով ներկայանալ նոր պայմանագիր կնքելու, չանցած մեկ շաբաթ` նույն այդ ռեկտորը, խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, առանց նախազգուշացման միանգամից տեղեկացնում է, որ վերջիններս ազատված են աշխատանքից:

Մենք հայտարարում ենք, որ ՀՖՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բացի իրավականից արժանի են նաև բարոյական գնահատականի, քանի որ աշխատողներին իրենց ազատման մասին հայտնվում է այն ժամանակ, երբ ուրիշ բուհերում դասախոսական կազմի համալրումն արդեն ավարտված էր, և այսպիսով, դասախոսների մի մասը միտումնավոր հայտնվում են գործազուրկի կարգավիճակում:

Անբարոյական է նաև վարկաբեկել այն մանկավարժներին, որոնց ջանքերի շնորհիվ է նաև, որ ՀՖՀՀ-ն ունի Հայաստանում մեծ վարկանիշ և որի ուսանողները իրենց բարձր պատրաստվածությամբ և օտար լեզուների իմացությամբ գրեթե 90 տոկոսով համալրել են ՀՀ աշխատաշուկան:

Կրկնում ենք, որ այդ նույն` այսօր աշխատանքից ազատված, ռեկտորի ասած` «ցածր պատրաստվածություն ունեցող» դասախոսական կազմի նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի արդյունքն է, այլ ոչ թե ռեկտորի ու իր վարչակազմի կառավարման արդյունք: ՀՖՀ-ում վերջին ժամանակներս կառավարման ճգնաժամ է, որը հատկապես նկատվում է նախկին ռեկտոր Պոլ Ռուսսեի պաշտոնավարումից հետո: Ներկայիս ռեկտորն ու գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին համալսարանի կառավարումն անցկացնում են գաղութատիրական մեթոդներով: Այդ առումով դժգոհությունների մեծ ալիք կա ուսանողների շրջանում: Համոզվելու համար կարող եք հարցում անել հենց ուսանողներից:

Զարմանալի է նաև այն պաշտոնատար անձանց անտարբերությունն ու լռությունը , որոնք կոչված են մեր իրավունքները պաշտպանելու, մասնավորապես` ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Աշխատանքի պետական տեսչությունը: Ազատված դասախոսների գերակշիռ մեծամասնությունը աշխատել են համալսարանի հիմնադրման օրվանից ի վեր և ճակատագրով անհանգստանալը բնավ էլ սեփական ամբիցիաների դրդապատճառ չէ, այլ համալսարանը անդունդ գլորելուց փրկելն է: Ինչ վերաբերվում է դասերը բոյկոտելու վերաբերյալ ռեկտորի մտավարժանքին, ապա պատճառը պետք է որոնել ոչ թե մեր, այլ համալսարանի կաթվածահար մենեջմենթի մեջ:

Օգտվելով առիթից դիմում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավորի, ակնկալելով, որ կվերականգնվեն մեր` հանիրավի ոտնահարված իրավունքները, քանի որ մինչ օրս որևէ պաշտոնատար անձ որևէ գործնական քայլ չի ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG