Մատչելիության հղումներ

Մեղադրյալի հարազատները վախենում են «ասել ճշմարտությունը»


Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավարությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 27-ը հուլիսի, 2010թ.
Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավարությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 27-ը հուլիսի, 2010թ.
Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի գործով գլխավոր մեղադրյալ, տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի հարազատները գիտեն, թե իրականում ով է դաժան ծեծի ենթարկել Խալաֆյանին, բայց վախենում են այդ մասին խոսել:

Հարությունյանի մոր` Զոյա Հարությունյանի խոսքով, նույն մտավախություններն ունի նաեւ իր որդին:

«Ես կարող եմ ասել ով է ծեծել, բայց կոնկրետ այս պահը ես չեմ ուզում օգտագործել, իմ երեխայից առաջ անցնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զոյա Հարությունյանը` շարունակելով. - «Ինքը եթե այդքան բան ասի, ես չգիտեմ ինչքանով մեր իրավապահներին ձեռ կտա… Իհարկե, վախենում է ասել. երկու փոքր երեխա ունի»:

Մեղադրյալի մայրը ասաց, որ տեսակցության գնալիս միշտ որդուն զգուշացնում է, որ զգույշ լինի. - «Ասում եմ` նույնիսկ եթե մեկը քեզ բերի հատուկ մի բաժակ սուրճ կհյուրասիրի, չխմես: Վախենում եմ: Որովհետեւ ամեն ինչ մեր ականջին էլ է հասնում: Դժվար չէ մի կտոր թույն գցել ու մարդուն արանքից հանել: Ոչ մեկը չի ուզում իր սխալի համար պատասխան տալ… Աշոտից ազատվելը իրենց համար ավելի ձեռնտու է, քան այդ գործը քանդել, նորից սկսելը»:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը դատարանի դահլիճում:
Խալաֆյանի մահվան գործով դատավարության վերջին նիստում Աշոտ Հարությունյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Խալաֆյանը ինքնասպանություն չի գործել, նաեւ պնդել էր, թե մյուս մեղադրյալներին ստիպել են իր դեմ ցուցմունք տալ, իրեն նույնպես Հատուկ քննչական ծառայությունում առաջարկել են ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ:

Հատուկ քննչական ծառայությունը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, երեկ հերքել է Հարությունյանի այդ հայտարարությունը` ընդգծելով, թե «դրանով նա ուղղակի նպատակ է հետապնդում զերծ մնալ քրեական պատասխանատվությունից կամ խուսափել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածի սանկցիայով դատապարտվելուց»:

Աշոտ Հարությունյանի կինը` Արաքս Մկրտումյանը հավելեց, որ իր ամուսնուն արդեն նախազգուշացրել են, որ եթե շարունակի հայտարարություններ անել դատարանի դահլիճում, ապա իրեն կտեղափոխեն Ազգային անվտանգության մեկուսարան:

«Նախորդ նիստից հետո, երբ իրեն տարել են Հրազդանի բաժին, այնտեղ ասել են` եթե այսպես շարունակես, քեզ կտանեն կագեբեի պադվալ: Իսկ Աշոտն ասել է` ես ոչինչ չունեմ կորցնելու, թող տանեն, ես մարդ չեմ սպանել», - ասաց Մկրտումյանը` հավելելով, թե համոզված է, որ իմ ամուսինը դատարանում կտա այն մարդու անունը, ով իրեն ծեծի էր ենթարկել:

«Եթե Աշոտը ասի, Աշոտին լսելո՞ւ են: Աշոտը այնպիսի փաստեր է բերում… կոնկրետ ասում է, որ դանակի վրա մատնահետքեր չկան: Խալաֆյանի հարազատներին չի՞ հետաքրքրում, թե ինչու մատնահետքեր չկան: Կամ դատախազներին չի՞ հետաքրքրում: Բոլորիս համար ակնհայտ է, որ գործը կոծկում են», - պնդեց Արաքս Մկրտումյանը:

Թեեւ Աշոտ Հարությունյանը պնդում է, որ ինքը ծեծի չի ենթարկել Վահան Խալաֆյանին, վերջինիս հորեղբայրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հարությունյանը Վահանին բռնությունների ենթարկել է:

Հարությունյանի` վերջին դատական նիստում տված ցուցմունքների վերաբերյալ Համիկ Խալաֆյանը նշեց. - «Նա փորձում է ինչ-որ բաներ ասել, բայց դա լիարժեք չէ առայժմ: Մենք ամենասկզբից էլ ասել ենք, որ մեզ պետք է, որ օբյեկտիվ դատաքննություն ընթանա, իրական հանցագործը կամ հանցագործները պատժվեն»:

Խալաֆյանի հարազատներին զարմացնում է, որ գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ Չարենցավանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Սամվել Տոնոյանը:

«Տոնոյանի` որպես բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, իրավասության սահմաններում է գտնվում քրեական հետախուզության բաժանմունքը: Այստեղ հարց է առաջանում, որ նա չոր է դուրս գալիս, որովհետեւ իր վերահսկողության տակ գտնվող բաժանմունք է, ինքը անմիջապես այնտեղ է եղել ու գիտի ամբողջ ընթացքը` ամենայն մանրամասնություններով: Բայց ինչ-ինչ պատճառներով նա այսօր ընդամենը վկայի կարգավիճակում է գտնվում», - ասաց Վահան Խալաֆյանի հորեղբայրը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG