Մատչելիության հղումներ

Այսօր Գիտելիքի օրն է


Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա կապակցությամբ դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին եւ ծնողներին շնորհավորել են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Յուրաքանչյուր պետություն եւ ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, եւ մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձեւավորի», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը: - «Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը եւ նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձեւավորվում է ապագայի քաղաքացին»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով եւ շնորհավորում մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ: Այսօր շարունակ զարգացող աշխարհի մեջ առավել եւս կարեւորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույս մտքի եւ հոգու ու պայման մարդկային կյանքի առաջընթացի եւ զորացման: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն մեր Հայրենիքի շենացմանը, համայն մեր ժողովրդի բարօրությանը», - ասված է, մասնավորապես, Վեհափառ հայրապետի ուղերձում, որը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG