Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջիկայում սպասվող Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» կոչվող նախագծի քվեարկությանը` գրում է. - «Իշխանությունները պնդում են, որ եթե անգամ վերը հիշատակված բանաձեւը ընդունվի, դա որեւէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Արցախի կյանքի վրա: Այնպես, ինչպես որեւէ կերպ չեն ազդել միջազգային տարբեր ատյաններում մինչ այդ ընդունված բանաձեւերը: Կարճ ասած` ըստ իշխանության, անհանգստանալու որեւէ բան չկա, եւ այստեղ-այնտեղ Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունված բանաձեւերը որեւէ արժեք չունեն: Բայց այստեղ, ահա, հարց է ծագում. եթե այդպես է, ինչո՞ւ ուրեմն Հայաստանն էլ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում նույնպիսի անարժեք, բայց հայամետ բովանդակությամբ բանաձեւեր ընդունել չի տալիս: Չէ՞ որ դրանք ոչինչ չարժեն, ուրեմն` ոչինչ չարժե նաեւ դրանց ընդունումը: Եվ եթե այս ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցով հայամետ որեւէ բանաձեւ որեւէ ատյանում չի ընդունվել, կնշանակի, որ հայաստանցի դիվանագետները զրոյից մի քանի կիլոմետր ցածր մակարդակ ունեն, ոչինչ չարժեն, եթե չեն կարողանում ընդունել տալ ոչինչ չարժեցող բանաձեւեր: Իշխանական ասուլիսիչների մի խումբ էլ կա, որ սկսել է հայ հանրությանը համոզել, թե ՄԱԿ-ում սպասվող բանաձեւը Ադրբեջանի քարոզչական հնարքն է, եւ Հայաստանը անհանգստանալու ոչինչ չունի: Այս նույն դեմքերը, սակայն, սեզոնային սրացումների շրջանում առավոտից իրիկուն վնգստում են ադրբեջանական քարոզչությունից պաշտպանվելու անհրաժեշտության մասին` այդ քարոզչությունը ներկայացնելով որպես հայի գլխին կախված թիվ մեկ մահացու սպառնալիք»:

Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվան, «Առավոտ»-ի խմբագիրը «Պահանջարկ չունեցող ապրանք» վերնագրի ներքո գրում է. - «40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնացում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազներն ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով»:

Նույն առիթով «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Դատելով այն բանից, որ դպրոցներում երեխաների ստացած գիտելիքների որակը տարեցտարի անկում է ապրում, իսկ մտահորիզոնը` նեղանում, կարելի է ասել, որ 10-ից 12-ամյա համակարգին անցնելը պատժաժամկետի հավելում էր։ Երեխաներն ու ծնողներն անմռունչ դիմանում են՝ «ընկել ենք, պիտի քաշենք» տարբերակով։ Դրանից, սակայն, ո'չ երեխաների գիտելիքների որակն է բարձրանում, ո'չ էլ արված քայլն է իմաստավորվում։ Ինչպես գիտեք կամ ինքներդ եք տեսնում, ահա արդեն մի 15 տարի բարեփոխվում ենք։ Փաստորեն դպրոցական ավելի քան մեկ սերունդ «բարեփոխումների» բովով անցել, ավարտել ու կյանքի ուղեգիր է ստացել։ Եվ ի՞նչ։ Ավելացե՞լ են ձեր շրջապատում ավելի ուսյալ, ավելի կիրթ, ավելի գրագետ, ավելի կարդացած, ավելի բանիմաց երիտասարդները, նոր սերունդը, ինչպես ասվում է։ Վախենամ՝ հակառակը»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խորհրդակցության է հրավիրել մարզի ձեռնարկատերերին, որին ներկա է եղել նաեւ գյուղատնտեսության նախարարը եւ խոսել է խաղողի մթերման մասին: Սահմանվել է մթերման նվազագույն գին՝ 120 դրամի չափով: «Այս գինը որոշվել է նախագահի հանձնարարականի հիման վրա», - հայտնում են մարզպետարանի լրատվական բաժնից եւ վստահեցնում, որ մարզպետարանի աշխատակիցներն ուղարկվելու են ձեռնարկություններ՝ անձամբ վերահսկելու գործընթացը: Երեւանի կոնյակի գործարանը՝ որպես տեղացի, 1 կիլոգրամ խաղողի դիմաց գյուղացիներին վճարելու է 130 դրամ: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Արմավիրի մարզպետն օրերս մեկ այլ հանդիպում էլ է ունեցել` մարզի խոշոր ձեռներեցների եւ համայնքապետերի հետ, որոնց կոչ է արել համալրել ՀՀԿ շարքերը, սակայն մարզպետարանում այս մյուս «խորհրդակցության» մասին լռում են»:

«Կապիտալ» թերթում կարդում ենք. - «Հայաստանում ճգնաժամի արդյունքում շինարարությունը տնտեսության շոգեքարշի դերը սկսել է զիջել ծառայությունների ոլորտին։ Թեեւ Հայաստանի ՀՆԱ-ում ծառայությունների տեսակարար կշիռը հեռու է զարգացած երկրների ցուցանիշից, այժմ արդեն կարելի է փաստել, որ ճգնաժամից հայ գործարարները, այնուամենայնիվ, որոշ դասեր քաղել են։ Միեւնույն ժամանակ, տնտեսության մյուս ճյուղում դեռ առկա են խնդիրներ, որոնք կախված են արդյունահանման պոտենցիալ ենթաճյուղերից»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG