Մատչելիության հղումներ

«Ճանապարհորդի համար փակ սահմաններ չպետք է լինեն»


National Geographic Traveler-ի հայերեն հրատարակությունը
National Geographic Traveler-ի հայերեն հրատարակությունը

Օգոստոսի 24-ին մեկնարկած Travelling Without Borders («Ճանապարհորդություն առանց սահմանների») նախագիծը 100-ավոր ճանապարհորդների կբերի Հայաստան, կփորձի կարծրատիպեր կոտրել եւ եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ ճանապարհորդի համար փակ սահմաններ պետք է գոյություն չունենան:

«Սահմանները պետք գոյություն ունենան զինվորների, քաղաքական գործիչների համար, բայց ճանապարհորդների համար դրանք պետք է միշտ բաց լինեն», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչության գլխավոր խմբագիր, լուսանկարիչ, կինոռեժիսոր ու ծովագնաց Արեգ Նազարյանը:

Ռեգատա, ձիարշավ, բայք-փառատոն, ռոք-փառատոն, ավտոարշավ, համաժողով. սա Տաթեւի վանքի ճոպանուղու բացմանն ընդառաջ «Ճանապարհորդություն առանց սահմանների» վեց փուլից բաղկացած հսկայածավալ նախագծի խիստ համառոտ օրակարգն է:

Նախագծին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը, Թուրքիան եւ Վրաստանը: Հայաստանի նախագահի եւ կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագծի ընդհանուր բյուջեն, նախնական հաշվարկներով, շուրջ 350 հազար ամերիկյան դոլար է:

Նախագծի նպատակն է ոչ միայն նպաստել Եվրասիական տարածաշրջանում սահմանների թափանցիկությանը, ընդլայնել եւ խորացնել մշակութային երկխոսությունը մասնակից երկրների ժողովուրդների միջեւ, այլեւ ներկայացնել տարածաշրջանի պետությունների տուրիստական գրավչությունը:

Սեւանա լճում արդեն մեկնարկել է առաջին փուլի մի մասը` առագաստանավակներով միջազգային ռեգատան, որը կշարունակվի Մետաքսի մեծ ճանապարհի հայկական հատվածով անցնող ձիարշավով: Սեպտեմբերի 17-ին Հայաստանի հյուսիսային դարպաս Ախթալայում կտրվի բայք-փառատոնի մեկնարկը:

«Միանալու են նաեւ հեծանվորդներ` մոտ 20 հեծանվորդ տարբեր երկրներից: Անվանի հեծանվորդներ են միանալու, եւ բայքերների եւ հեծանվորդների արշավը տեղի է ունենալու Ախթալայից դեպի Սեւան», - փոխանցեց փառատոնի երաժշտական մասի ղեկավար Լիլի Կարապետյանը:

Տարբեր երկրների 150 բայքերներն ու նրանց միացած հեծանվորդները կանցնեն Բագրատաշեն-Ախթալա-Դիլիջան-Սեւան-Սելիմի լեռնանցք-Ջերմուկ երթուղով: Սեպտեմբերի սեպտեմբերի 18-20-ը Ջերմուկում կանցկացվի Music Without Borders խորագրի ներքո` «Հայկական կիթառ» եւ միջազգային ռոք-փառատոնները:

«Ներկա են գտնվելու 16 հայ լավագույն կիթառահարները: Սեպտեմբերի19-ին կկայանա ռոք-փառատոնը, որտեղ ելույթ կունենան երկու հայկական խումբ, մեկ շատ հայտնի խումբ Իտալիայից, լեգենդար «Ֆոկուս» խումբը Հոլանդիայից», - պատմեց Կարապետյանը` հավելելով, որ Ջերմուկի օդանավակայանում բաց երկնքի տակ 3 օր շարունակ կհնչի առանց սահմանների երաժշտություն:

Նախագծի եզրափակիչ փուլը Ռուսաստան - Ղազախստան - Թուրքմենստան - Իրան - Թուրքիա - Վրաստան - Հայաստան երթուղով ավտոքարշավն է ամենագնացներով: Այն սահմանային որոշ խնդիրների պատճառով նախատեսվածից փոքր-ինչ ուշ կանցկացվի:

«Մենք ոչ միայն գործ ունենք 7 երկրների իշխանությունների, այլեւ 7 երկրների օրենսդրությունների հետ», - ծագած բարդությունների մասին խոսելիս ընդգծեց National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակիչ, նկարիչ Տիգրան Մանգասարյանը. - «Նույն գաղափարը ավտոարշավի, այսինքն` թափանցիկ սարքելու սահմանները, արդեն իսկ մենք ստիպված ենք լինում լուծել»:

Հոկտեմբերի 12-ին Ջերմուկում եւ Տաթեւում կմեկնարկի միջազգային համաժողով` National Geographic Traveler հայտնի ամսագրի վաշինգտոնյան գլխավոր գրասենյակի եւ ամսագրի բոլոր 14 հրատարակչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի անցկացման համար պետբյուջեից հատկացվել է 27.6 մլն դրամ:

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծը կավարտվի հոկտեմբերի 16-ին` Տաթեւի վանական համալիրում Որոտանի կիրճի վրայով կառուցված ճոպանուղու բացմամբ: 5.5 կմ երկարությամբ ճոպանուղին կլինի ամենաերկարն աշխարհում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG