Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Սահմանը նույնիսկ ժամանակավորապես չի բացվի»


«Նույնիսկ ժամանակավորապես Հայաստանի հետ սահմանը չի բացվի», - հինգշաբթի օրը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական արտգործնախարարության ղեկավարը կտրականապես հերքել է ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունները, թե սեպտեմբերին` Հայաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրերին, պաշտոնական Անկարան կարող է ժամանակավորապես բացել սահմանը:

«Այդ զորավարժությունները զուտ մարդասիրական բնույթ ունեն, դրանք նվիրված են արտակարգ իրավիճակների դիմակայմանը: Որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություն` Թուրքիան, իհարկե, կմասնակցի այդ զորավարժություններին: Ավելի վաղ, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցներին ես արդեն ասել էի` սահմանի բացման հարցը չի էլ քննարկվում: Հարկ է խուսափել անիմաստ լուրեր տարածելուց», - նշել է Դավութօղլուն:

Օգոստոսի 16-ին Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խուսափել էր հստակ պատասխան տալ հայ - թուրքական սահմանի ժամանակավոր բացման հավանականությանը վերաբերող հարցին: Հետագայում Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը չբացառեց սահմանի ժամանակավոր բացման հավանականությունը` պնդելով, թե հակառակ պարագայում Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունները տապալման եզրին կհայտնվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG