Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը պատասխանել է Հայաստանի իրավապաշտպանների նամակին


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների նամակին, որով վերջիններս դիմել էին իրեն` Երեւան կատարած այցի ժամանակ:

Պետքարտուղարի նամակում, որի տեքստը թարգմանաբար տարածել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, մասնավորապես, ասված է. - «Շնորհակալություն եմ հայտնում ձեզ հուլիսի 5-ի ձեր նամակի համար, որտեղ ինձ հետ կիսում էիք ձեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի համար հույժ կարեւոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում: Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում եւ եռանդագին աշխատել` բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար»:

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանը` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը», - գրել է պետքարտուղարը:

«Միացյալ Նահանգները հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ եւ ծաղկուն հասարակության հիմքն են կազմում եւ հույժ կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում եւ ողջ աշխարհում», - վստահեցնում է Հիլարի Քլինթոնը իր նամակում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG