Մատչելիության հղումներ

Օգոստոսի 26-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Թեժ աշնան շունչն արդեն զգացվում է: Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն է պատրաստվում հանրահավաք անել, սեպտեմբերի 17-ին՝ Կոնգրեսը: Աջ ու ձախից լսում ենք, որ աշնանը նոր կուսակցություններ են ստեղծվելու: Այսպես ասած՝ երրորդ ուժի գաղափարը հանգիստ չի տալիս որոշ մարդկանց: Երրորդ, անգամ չորրորդ ու հինգերորդ ուժեր, անշուշտ, կստեղծվեն, սակայն արդյո՞ք այդ ուժերը կունենան առաջինից ու երկրորդից տարբերվող գաղափարախոսություն, արդյո՞ք կկարողանան առանձնանալ իրենց ծրագրով ու կանոնադրությամբ, իրենց գործելաոճով եւ կենսագրությամբ: Թե՞ դրանք կլինեն հերթական «նորահայտ» ուժերը, որոնց միակ նպատակը խորհրդարանական առաջիկա ընտրություններում մարդկանց մոլորեցնելն է եւ ինչ-որ քանակի ձայներ իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններից խլելը»:

«168 ժամ»-ը Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին հարցնում է. - «Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումն իշխանությունները համարում են Հայաստանի անվտանգության երաշխիք, իսկ ընդդիմությունը գտնում է, որ այդպիսով վտանգվեց մեր երկրի ինքնիշխանությունը»: Գրիգորյանը պատասխանում է. - «Ընդհանրապես ոչ մի բան էլ լավ չէ, եթե որեւէ պետություն ուզում է մեր երկրում իշխանություն բանեցնել: Այս 20 տարվա մեջ տվել ենք այնքան, որ այս դեպքում վերջնական, արդեն 100-րդ բանի մասին ենք խոսում: Տվել ենք ատոմակայանը, գազը, երկաթգիծը, հեռախոսը, տամոժմիաները, սաղ տվել ենք: Սաղ շորերը տվել ենք, մնացել ենք չփլաղ մի բանով: Այսքան տվածների դեպքում արդեն նշանակություն չունի` սա կլինի՞, թե՞ չի լինի: Էլ ուրիշ ձեւի չի կարա լինի: Եթե ամեն ինչ կախված է հարեւանից, հորեղբորից, ուրեմն հորեղբայրն է տերը: Ես չեմ հավատա, որ որեւէ խելացի կամ հայրենասեր մարդ կասի` լավ էր: Բայց արդեն երկրորդ տարբերակն էլ չկար: Ասում են` էշին նստելը մի այիբ է, ինջելը` երկու»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ասում է. - «Ինձ համար անհասկանալի, ավելին` զարմանալի է, ինչո՞ւ քննարկման վեկտորը փոխվում է դեպի Ռուսաստանի տանիքը ընդունել-չընդունելու հարթություն։ Հիմա, եթե մեկ այլ երկիր ավելի լուրջ երաշխիքներ տալու լինի, պետք է քննարկումները տեղափոխենք ա՞յդ հարթություն։ Եթե ինչ-որ մեկն ակնկալում է, թե Ռուսաստանը պետք է պատժի Ադրբեջանին, ապա չարաչար սխալվում է` սա այդ դեպքը չէ։ 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո էլ ինչ-որ զուգահեռներ էին անցկացվում Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ Ադրբեջանը Վրաստան չէ, Ռուսաստանի վերաբերմունքն էլ Ադրբեջանի հանդեպ այն չէ, ինչ Վրաստանի նկատմամբ»։

«Կապիտալ»-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ասում է. - «Այն, ինչ այսօր անվանվում է ռազմավարական դաշինք, մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին, որը, սակայն, հետագայում կորցրեց իր որակները՝ երկու պետությունների քաղաքական էլիտաների նյութապաշտական գործունեության հետեւանքով, ուստի ունենք այն, ինչ ունենք։ Իրական եւ ամուր ռազմավարական գործընկերություն երկու պետությունների միջեւ կարող է լինել միայն վստահության պարագայում, իսկ այն, ինչ կատարում է Ռուսաստանը Հայաստանում, սկզբից՝ տնտեսական, հետո՝ քաղաքական, իսկ այժմ նաեւ ռազմական ոլորտներում, խորացող անվստահության հետեւանք է։ Ռուսաստանը, որեւէ կայուն բան Հայաստանում չտեսնելով եւ համոզված լինելով, որ վաղն իր մրցակից տերությունները կփորձեն Հայաստանն իրենցով անել, ամրացնում է իր դիրքերը»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ամենահիմար բանը, որ կարող է անել պետությունը եւ ազգը, հակառակորդին թերագնահատելն է: Քանի դեռ խաղաղությունը չի հաստատվել, լավ կլիներ, որ մենք առաջնորդվեինք պրագմատիկ, սթափ մոտեցումներով: Ոչ թե մտածենք այնպես, ինչպես Մեծ հայրենական պատերազմի ժամանակ Տաշքենդում նկարահանված խորհրդային ֆիլմերի հեղինակները, որոնք քարոզչական նպատակներով ֆաշիստներին ներկայացնում էին վախկոտ եւ հիմար: Թուրքերը եւ ադրբեջանցիները այդպիսիք չեն: Վերցնենք թեկուզ հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը: Հիմա արդեն պարզ է, որ թուրքական դիվանագիտությունը հենց սկզբից էլ ծրագրել էր դրանք ստորագրել, բայց չվավերացնել: Զիջումները, որոնց այդ արձանագրություններում գնացել է հայկական կողմը, միանգամայն արդարացված կլինեին, եթե փաստաթղթով նախատեսված գործողությունները իրականացվեին: Բայց դա տեղի չունեցավ, իսկ մեր զիջումները մենք չենք կարող հետ վերցնել: Այս դեպքում ո՞վ է հիմարը»:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG