Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մտահոգիչ է, որ Ղարաբաղում ապրող փախստականները ընդգրկված չեն ՄԱԿ-ի ծրագրերում»


Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին է անդրադարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնի հետ այսօր կայացած հանդիպմանը:

Նշելով, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել փաստը, որ նրանք ընդգրկված չեն ՄԱԿ-ի` փախստականներին աջակցության ծրագրերում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Դամթյու Դեսալեյնը խոսել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության առաջիկա ծրագրերի մասին` մասնավորապես, կարեւորելով հաջորդ տարի կազմակերպվելիք դոնորների համաժողովը, որին կմասնակցի նաեւ հանձնակատարը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել փախստականների ինտեգրման եւ նրանց խնդիրները լուծելու գործում Հայաստանի կառավարության ջանքերին գրասենյակի ցուցաբերած աջակցության համար եւ կարեւորել է փախստականներին բնակարաններով ապահովելու գործում համագործակցության շարունակականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG