Մատչելիության հղումներ

«Պետդեպարտամենտը նվազեցնում է Ղարաբաղին հատկացվող օգնության ծավալները»


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի շենքը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի շենքը

1998 թվականից ի վեր Պետդեպարտամենտը արհեստականորեն նվազեցնում է Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ուղղակի ֆինանսական օգնության ծավալները, հայտարարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նշել է. - «Ցավոք սրտի, նույն այն Պետդեպարտամենտը, որ 90-ականների սկզբին հակադրվում էր Լեռնային Ղարաբաղին ուղղակի ֆինանսական օգնության հատկացման ծրագրի մեկնարկին, այսօր արդեն դիմադրում է Կոնգրեսի հստակ արտահայտած կամքին` անհամեմատ ավելի քիչ գումար հատկացնելով Լեռնային Ղարաբաղին, քան նախատեսված է ամերիկացի օրենսդիրների որոշմամբ: Պետդեպարտամենտը անտեսում է Կոնգրեսի կարծիքն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները` միաժամանակ աջակցելով թիվ 907 լրացման մեղմացման կամ վերացման գաղափարին»:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները պնդում են, որ վերջին 12 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված 61 միլիոն դոլար օգնության միայն 36 միլիոնն է հասել հասցեատիրոջը: «Պատճառը Պետդեպարտամենտի քաղաքականությունն է», - նշում է հանձնախումբը` հավելելով. - «Վերջին երկու ֆինանսական տարիներին Ղարաբաղին հատկացվել է ամերիկյան օգնության ընդամենը մեկ քառորդը»:

Այս փաստը հուլիսի 22-ին Սենատում կայացած լսումների ժամանակ հաստատել է նաեւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԱՄՆ-ի վարչակազմի կողմից առաջադրված Մեթյու Բրայզան: «Կոնգրեսի վերահսկողական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն` ամեն տարի 8 միլիոն դոլար կազմող ամերիկյան հատկացումներից ծախսվել միայն 2 միլիոնը: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը», - սենատոր Բարբարա Բոքսերի այս հարցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը պատասխանել է. - «Այո, դա ճիշտ է, 8 միլիոնից տարեկան ծախսվել է մոտ 2 միլիոն դոլարը»:

«Այսպիսով, միայն Բարաք Օբամայի նախագահության տարիներին Ղարաբաղը նախատեսվածից 12 միլիոն դոլարով պակաս ֆինանսական օգնություն է ստացել», - արձանագրում են Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը պատճառ է դարձել, որ Բրայզայի` Բաքվում ԱՄՆ-ի դեսպան նշանակման շուրջ սկանդալը նոր թափ ստանա:

Թուրքական Hurriyet-ը, մասնավորապես, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, թե սեպտեմբերին արդեն Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի նշանակման շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը կարող է հանգուցալուծվել, մինչդեռ անհամեմատ ավելի բարդ է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նշանակման շուրջ իրավիճակը:

Անկարայում եւ Բաքվում ամերիկյան դեսպանների նշանակումը արգելափակվել է սենատորներ Սեմ Բրաունբեքի եւ Բարբարա Բոքսերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG