Մատչելիության հղումներ

Իրանը Nabucco ծրագրից դուրս կմնա


Անկարայում գումարված նիստում Nabucco գազատարի նախագծի ղեկավարները երկուշաբթի օրը որոշել են, որ Իրանը չի ընդգրկվելու եվրոպական երկրներին կասպյան գազի մատակարարում նախատեսող այս ծրագրում:

Nabucco-ի կոնսորցիումը հաստատել է Ռուսաստանը շրջանցող այս խողովակաշարի երկու ուղղությունները` թուրք - վրացական եւ թուրք - իրաքյան սահմաններով: Այս ուղղություններով նախատեսվում է գազի փոխադրում Ադրբեջանից, Թուրքմենստանից եւ Իրաքից:

Թուրք - իրանական սահմանն ընդգրկող երրորդ ուղղության հաստատումը հետաձգվել է` հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը:

«Nabucco-ն այլեւս չի ծրագրում կառուցել գազատարի իրանական հատվածը, քանի որ կոնսորցիումը հավատարիմ է միջազգային օրենքներին եւ նորմերին», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է կոնսորցիումի ներկայացուցիչ Քրիստիան Դոուլզալը` հավելելով, որ իրենց հետագա անելիքների մասին առայժմ ոչինչ չեն կարող տեղեկացնել:

Վերջին ամիսներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը խստացրեցին Իրանի դեմ պատժամիջոցները: Այդուհանդերձ, օգոստոսի 21-ին Իրանը սկսեց լիցքավորել Բուշեհրում Ռուսաստանի օժանդակությամբ կառուցված իր առաջին միջուկային ռեակտորը: Nabucco-ի ղեկավարության այս որոշումը, փաստորեն, հաջորդեց պաշտոնական Թեհրանի այդ քայլին: Արեւմուտքը անհանգստացած է, որ Իրանը կարող է ռեակտորը օգտագործել միջուկային զենք ստեղծելու նպատակով:

Ինչ վերաբերում է Nabucco-ին, որի շահագործումը նախատեսվում է 2017 թվականից ոչ շուտ, ակնկալվում է, որ Եվրամիությունը գազատարի շինարարության ֆինանսավորման մասին վերջնական որոշում պետք է կայացնի այս տարվա աշնանը: Nabucco-ի շինարարության ընդհանուր ծավալը, ըստ նախնական հաշվարկների, կազմելու է 8 միլիարդ եվրո:

Nabucco-ն կոչված է այլընտրանք դառնալ ռուսաստանյան «Հարավային հոսք» գազատարին, որով նախատեսվում է առաջիկա տարիներին ապահովել ռուսական գազի ուղղակի առաքումը Արեւմտյան Եվրոպա` շրջանցելով տարանցիկ երկրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG