Մատչելիության հղումներ

Օգոստոսի 24-ի մամուլ


Անկախության հռչակագրի 20-րդ տարելիցի կապակցությամբ «Առավոտ»-ի խմբագրականը գնահատում է. - «Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին եւ առայժմ վերջին անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված խորհրդարանը, լինելով լեգիտիմ մարմին եւ իսկապես արտահայտելով ընտրողների կամքը, հռչակեց անկախ պետություն կառուցելու մեր ժողովրդի ցանկությունը: Ընդ որում, պետք է արժանին մատուցել պետության այն ժամանակվա ղեկավարներին. նրանք Հայաստանը տարան անկախության ամենաօպտիմալ «ժամանակացույցով»` ցուցաբերելով թե' վճռականություն եւ թե' հաշվենկատություն, մասնավորապես` անհարկի չհակադրվելով 90 թվականին գոյություն ունեցող, թեեւ արդեն զգալիորեն թուլացած խորհրդային Կենտրոնին: Այսքանը. ոչ ավելի, ոչ պակաս: Այսօրվա իշխանության համար այս տարեդարձը պարզապես «գալոչկա» է, ինչպես 70-ական թվականների խորհրդային ղեկավարների համար Լենինի ծննդյան օրն էր կամ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձը: Հավուր պատշաճի ասվում են ինչ-որ խոսքեր, որոնց իմաստի մեջ ոչ ոք չի խորանում, նաեւ` այդ ճառերն արտասանողները: Իշխանավորների մտքերը բոլորովին այլ, շատ ավելի նյութական թեմաներով են տարված»:

«Հրապարակ» թերթը եւս անդրադարձել է հիշյալ տարելիցին. - «Երեկ Հայաստանի Հանրապետությունը նշում էր անկախության հռչակագրի 20 ամյակը: «Հայաստանի Հանրապետություն» եւ «նշել» բառերն այս պարագայում մի քիչ չափազանցված են, քանի որ նշողները հիմնականում քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն էին, եւ նշելը մասնավորապես արտահայտվում էր աննպատակ կլոր սեղաններով ու անիմաստ ելույթներով: Վստահ չեմ, որ շարքային քաղաքացիների համար երեկվա օրն ինչ-որ բանով նշանավոր էր, առավել եւս՝ տոնական»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ուշադրության մեծացումը եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը պայմանավորված է երկու հիմնական դրդապատճառով. առաջին՝ գլոբալ մակարդակի վրա ԱՄՆ-ի հետ շարունակվող համագործակցության ու մրցակցության մեջ որոշակի դերաբաշխումների հասնելու Ռուսաստանի մտադրությունն է Աֆղանստանում, մասամբ Իրանում իր մրցակցին չխանգարելու դիմաց ստանալու Հարավային Կովկասում ձեռքերի լիակատար ազատություն, երկրորդ՝ տարածաշրջանային մակարդակի վրա թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմական ախորժակը զսպելու եւ «թույլ օղակի» դերում հայտնված Հայաստանի պաշտպանունակությունն ամրապնդելու երկկողմանի՝ հայ-ռուսական շահագրգռությունն է»։

«Ազգ»-ը գրում է. - «Ռուսաստանի նախագահի` հայ-ռուսական անկախ պատմության ընթացքում առաջին պետական այցը «եղբայրական Հայաստան», առաջին րոպեին միայն «բավական լարված էր», ՌԴ նախագահը, ըստ ականատեսների, սայթաքեց «Զվարթնոցում» վայրէջք կատարած Ռուսաստանի «առաջին ինքնաթիռի» շարժասանդուղքին: Այս տեղեկությունը անմիջապես զետեղվեց ադրբեջանական կայքերում. Բաքուն փորձեց հենց այս ֆոնին դիտարկել հայ-ռուսական հետագա բանակցությունները: Ընդհանուր առմամբ, սակայն, ՌԴ նախագահի այցը` «սայթաքումների» առումով, սահմանափակվեց միայն «Զվարթնոցի»-ի միջադեպով. Մեդվեդեւի հայաստանյան այցն անցավ եղբայրական, ռազմավարական համագործակցության, փոխօգնության, համատեղ անցյալի հիշատակման, մեծ հաշվով` խորհրդանշական մթնոլորտում»:

«Հայկական ժամանակ» թերթը, մեկնաբանելով տարվա առաջին7 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի գրանցած 4 տոկոսի աճը, գրում է. - «Այս տարվա առաջին 7 ամիսներին Ազգային վիճակագրական ծառայության գրանցած ՀՆԱ-ի աճը մոտ երկու անգամ պակաս է այն կանխատեսումից, որ արել են իշխանության ներկայացուցիչները ընդամենը վերջին երկու ամսվա ընթացքում: Ցուցանիշներն իրոք մտահոգիչ են: Առաջին անգամ այս տարվա ընթացքում տվյալ ամսին նախորդի համեմատ տնտեսական նվազում է արձանագրվել` հուլիսին տնտեսությունը մոտ 20 տոկոսով նվազել է հունիսի հետ համեմատած: Անցած ամիսներին նման բան չէր եղել: Իհարկե, կասեն, որ դրա մեղավորը գյուղատնտեսության անկումն է: Իրոք, այս տարվա առաջին 7 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ազգային վիճակագրական ծառայությունը գյուղատնտեսությունում արձանագրել է 23 տոկոս անկում, բայց նույն ծառայությունը հուլիսին հունիսի համեմատ տվել է ավելի քան 55 տոկոսի աճ»: Թերթի տնտեսական մեկնաբանը եզրակացնում է. - «Ընդհանուր առմամբ նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայությունը թվանկարչական իր անզուգական տաղանդով չի կարողացել կոծկել այդ տխուր ցուցանիշները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG