Մատչելիության հղումներ

Օգոստոսի 21-ի մամուլ


Հակադրվելով այն գնահատականներին, թե Ռուսաստանը հարավային տարածաշրջաններում իր ազդեցությունն ամրապնդելու մեծ արշավ է սկսել, «Ժամանակ» թերթը նկատում է. - «2008 թվականին էլ առաջին հայացքից շատերին թվում էր, թե Ռուսաստանը, սկսելով Ցխինվալից, հիմա կհասնի մինչեւ Պարսից ծոց եւ այնտեղից էլ կթեքվի աջ կամ ձախ, կամ թե աջ, թե ձախ… Բայց իրականում տեղի ունեցավ այն, որ Ռուսաստանը վերցրեց այն, ինչ առանց դրա էլ իրենն էր՝ Աբխազիան եւ Օսիան, ու, թերեւս, վերջնականապես կորցրեց այն, ինչ ուզում էր, որ լիներ իրենը՝ Վրաստանը»։

Հակադրվելով այն գնահատականներին, թե Ռուսաստանը հարավային տարածաշրջաններում իր ազդեցությունն ամրապնդելու մեծ արշավ է սկսել, «Ժամանակ» թերթը նկատում է. - «2008 թվականին էլ առաջին հայացքից շատերին թվում էր, թե Ռուսաստանը, սկսելով Ցխինվալից, հիմա կհասնի մինչեւ Պարսից ծոց եւ այնտեղից էլ կթեքվի աջ կամ ձախ, կամ թե աջ, թե ձախ… Բայց իրականում տեղի ունեցավ այն, որ Ռուսաստանը վերցրեց այն, ինչ առանց դրա էլ իրենն էր՝ Աբխազիան եւ Օսիան, ու, թերեւս, վերջնականապես կորցրեց այն, ինչ ուզում էր, որ լիներ իրենը՝ Վրաստանը։ Բարեբախտաբար, շատ ավելի խաղաղ տարբերակով, բայց գրեթե նույն բնույթն է նաեւ Ռուսաստանի ներկայիս գործողությունը, որով նա Հայաստանում էլ ավելի է ամրացնում իր դիրքերը։ Բայց մի՞թե Ռուսաստանը Հայաստանում ուներ ազդեցության խնդիր։ Հազիվ թե Հայաստանի ամբողջ էներգետիկան, տնտեսության զգալի մասը, շուկաները, նույնիսկ աշխատատեղերը՝ խոպանը, Ռուսաստանի ձեռքին են, Հայաստանի անվտանգության համակարգը նայում է Ռուսաստանի ձեռքին, Հայաստանի քաղաքական դասը՝ իշխանությունից մինչեւ ընդդիմություն, ճանաչում է Ռուսաստանի պարեկությունը տարածաշրջանային եւ նույնիսկ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում։ Որեւէ երկիր երեւի թե կերազեր որեւէ երկրի հանդեպ ունենալ այդ լծակների գոնե կեսը, էլ չասած մեկ այլ հզոր լծակի՝ Հայաստանի հասարակության զգալի մասի ռուսամոլության պարագան։ Ուրեմն, Ռուսաստանը հերթական անգամ ինչ-որ ցատկ է կատարում իր իսկ տարածքում, հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ-որ նոր բան է վերցնում կամ հինը, կորցրածը՝ վերադարձնում, սակայն ընդամենը վերցնում է այն, ինչ առանց դրա էլ իրենն էր»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մեդվեդեւի այցի հետ կապված Հայաստանում հնչում են ծայրահեղացված հակառուսական գնահատականներ, որոնց հեղինակները սեւեռվում են երկրորդական հարցերի վրա եւ պարզ չէ, թե ինչ են ուզում։ Ես շատ կուզենայի, որ Հայաստանում լիներ մի քաղաքական ուժ, թեկուզ փոքր, թեկուզ մարգինալ, որը նախորդ օրը երեկոյան ցույց կաներ, ասեն, «Ջազվե» սրճարանի մոտ եւ կվանկարկեր՝ «Russians, go home»։ Կուզենայի՝ ոչ թե այն պատճառով, որ համաձայն եմ այդ կարգախոսի հետ, այլ՝ որովհետեւ դա ցույց կտար մեր քաղաքական ներկապնակի բազմազանությունը։ Բայց նույնիսկ Պարույր Հայրիկյանը իր զինակիցներով [եթե այդպիսիք այսօր կան] նման նախաձեռնություն չցուցաբերեց։ Դե, իսկ հայտարարությունները՝ «չեմ սիրում» մեզ ստորացնող ռուսներին եւ ստրկամիտ «հայերին»՝ դրանք քաղաքականության ոլորտից չեն»։

«Հայոց աշխարհ»-ը դժգոհում է նրանցից, ովքեր, հոդվածագրի ձեւակերպմամբ, Ռուսաստանի նախագահի այցի օրերին փորձել են հակառուսական տրամադրությունների պատրանք ստեղծել. - «Ինչպես հայտնի է, քանի որ ցանկացած երկրում այլ երկրի նախագահի պետական այցը արժանանում է մեծ ուշադրության, տվյալ դեպքում ռուս քաղաքագետները, վերլուծաբանները, ինչու չէ հատուկ ծառայությունները ամենայն բծախնդրությամբ ու մեծ հետաքրքրությամբ են հետեւում այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, փորձում են հնարավորինս լիարժեքորեն ծանոթանալ ու ամբողջական պատկերացում կազմել Ռուսաստանի նկատմամբ մեզանում տիրող տրամադրություններին։ Եվ արմատականները ջանացին իրենց կչկչոցներով ստեղծել պատրանք, թե հայերը բացասաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Ինչը, հնարավոր է, ռուսական իշխանական վերնախավին ստիպի փոխել կամ առնվազն վերանայել մոտեցումներն ու վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Իսկ դա ձեռնտու է միայն մեր թշնամիներին, որոնց օգնելու եւ աջակցելու հարցում հայրենի արմատականները երբեք գլուխ չեն պահել: Ավելին` մշտապես հանդես են եկել ադրբեջանա-թուրքական շահերի պաշտպանության դիրքերից: Հակառուսական ոռնոցն էլ ծրագրված էր հենց այդ նպատակով»։

Հայ-ռուսական նոր պայմանագրի առնչությամբ հարցադրումներ է անում «Ազգ»-ը։ - «Պարզ չէ` Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանությամբ ինչպե՞ս է ապահովվելու պայմանագրով նախատեսված` ՀՀ զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգությունը, եթե այդ անվտանգության ապահովումն, ասենք, հակասի ՌԴ շահին: Չնայած ՌԴ-ն ապահովելու է Հայաստանին արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական հատուկ տեխնիկայով: Մի խոսքով՝ սպասված եւ դարակազմիկ հանդիպումը եղավ, պայմանագիրը ստորագրվեց, հարցերը մնացին», - գրում է «Ազգ»-ի մեկնաբանը։

«Հրապարակ»-ի խմբագրական անդրադառնում է Մեդվեդեւի այցի պատճառած անհարմարություններին։ - «Երեկ մայրաքաղաքի բնակիչների եւ ընդհանրապես մեր ժողովրդի համար ծանր օր էր. ԱՊՀ-ի նախագահների, մասնավորապես Դմիտրի Մեդվեդեւի ներկայությունը հիմնովին խաթարել էին մեր բնականոն կյանքը։ Չեմ կարծում, թե այլ երկրներում եւս պետական այցերի ժամանակ սեփական բնակչությանն այսպիսի անհարմարություններ են պատճառում։ Երկրի քաղաքացիների անդորրն ամենուրեք դիտվում է ամենամեծ արժեքը։ Նաեւ չեմ կարծում, թե այլ երկրներում սեփական լրատվամիջոցների ներկայացուցիչներին նման քամահրանքով, իսկ դրսից եկածներին նման ակնածանքով են վերաբերվում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG