Մատչելիության հղումներ

Թուրք փորձագետներ. «Ռուսաստանը ուղերձ է հղում Բաքվին»


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսը, Երեւան, 20-ը օգոստոսի, 2010թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսը, Երեւան, 20-ը օգոստոսի, 2010թ.

Թուրք փորձագետների կարծիքով` Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման գործընթացն ու Ռուսաստանի նախագահի Հայաստան այցը «ուղերձ են` հասցեագրված Բաքվին»

«Դրանով Մեդվեդեւը ուղերձ է հղում Բաքվին` չդիմել ռազմական գործողությունների», - Hurriyet Daily News պարբերականին ասել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի ղեկավար Սինան Օղանը` ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման գործընթացը որակելով «հեռուն գնացող գործընթաց»:

«Սակայն Կովկասի հարցերով փորձագետներն անհանգստացած են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման պոտենցիալ հնարավորությունից», - գրում է Hurriyet Daily News-ը: - «Հիասթափված դիվանագիտական ճանապարհով առաջընթացի բացակայությունից ` Բաքուն արագ համալրում է իր զինանոցը: Վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են ավելի քան 13 անգամ` հասնելով 2.15 միլիարդ դոլարի: Երեւանը խորացնում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, ինչն առաջացնում է մտահոգություն, որ զինված բախումները կարող են վերսկսվել եւ նույնիսկ վերածվել պատերազմի»:

«Համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող խաղաղ ճանապարհով կարգավորվել, գերիշխող է դառնում Ադրբեջանում», - Սինան Օղանի խոսքերն է մեջբերում պարբերականը: - «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման դիվանագիտական ուղիներ գտնելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը անհաջող էին, եւ նույնիսկ ձգձգեցին կարգավորումը: Ոչ ոք Հայաստանի վրա ճնշում չի գործադրում հակամարտության կարգավորման հարցում: Հետեւաբար, Բաքուն ասում է աշխարհին` եթե դուք չեք կարողանում լուծել այդ խնդիրը, մենք կանենք դա»:

Փոխանցելով Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի այն կարծիքը, թե «սպառազինությունների մրցավազքը առաջացրել է միջազգային հանրության մտահոգությունը տարածաշրջանում մեկ այլ պատերազմի հեռանկարի շուրջ, բախումները կարող են արագորեն ընդլայնվել եւ ընդգրկել այլ տերություններ, ինչպիսին են Ռուսաստանը կամ նույնիսկ Թուրքիան», Hurriyet Daily News-ը հավելում է. - «Սինան Օղանը, մինչդեռ, կասկածի տակ է առնում, որ Ռուսաստանը կխառնվի կարճատեւ զինված հակամարտությանը»:

«Ռուսաստանը իրավունք չունի միջամտել Ղարաբաղի հարակից շրջաններում իրավիճակին: Նա նույնիսկ կարող է որեւէ փոքրամասշտաբ կոնֆլիկտ օգտագործել հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ Ռուսաստանի վարչակազմը չի ցանկանում, որպեսզի ստատուս քվոն պահպանվի», - կարծում է թուրք փորձագետը:

Որ սառեցված հակամարտությունը կարող է վերածվել ռազմական գործողությունների` Hurriyet Daily News-ի հետ զրույցում այնքան էլ հավանական չի համարել Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտից Իգոր Տորբակովը, միաժամանակ չբացառելով իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունը:

«Ադրբեջանը ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները, բայց Ալիեւը չի կարող չհասկանալ, որ Կովկասում ցանկացած պատերազմ ի չիք կդարձնի Բաքվի էներգետիկ նկրտումները: Բաքուն տոննաներով գումարներ է ներդնում ռազմական բնագավառում, բայց դա կարծես թե Երեւանի եւ միջազգային հանրության վրա հոգեբանական ճնշումը ուժեղացնելու նպատակ է հետապնդում եւ ազդանշան է, որ ներկա ստատուս քվոն անընդունելի է», - կարծում է ֆիննական ինստիտուտի փորձագետը:

«Թեեւ երկու կողմերը կարող են ցանկանալ խուսափել լայնամասշտաբ պատերազմից, սակայն պատերազմի հնարավորություն, ցավոք, գոյություն ունի: Մի շարք սադրանքներ` համակցված սխալ հաշվարկների հետ, կարող են իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից, ինչպես եղավ Վրաստանում 2008 թվականին», - ընդգծել է Տորբակովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG