Ռոկսը գրում է, որ Բաքվի եւ Անկարայի հարաբերությունները զարգանում են համաձայն հանգուցյալ Հեյդար Ալիեւի հեղինակած «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի եւ այնքան ամուր են, որ զարմանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի հետ չկարգավորված հակամարտության պայմաններում գտնվող Ադրբեջանում առ այսօր չկան թուրք զինվորականներ։
Իր այս հարցին պատասխանելով՝ «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը մանրամասնում է. - «Հարցի պատասխանը պետք է որոնել Բաքվի ակնկալիքների դաշտում` Ադրբեջանը չէր համարձակվում ակնհայտ շեշտ դնել թուրքական տարբերակի վրա, քանի որ ենթադրում էր, թե Մոսկվան ճնշում կբանեցնի ռազմավարական դաշնակից Հայաստանի վրա եւ կպարտադրի Լեռնային Ղարաբաղի կարգավորում` տարածքային ամբողջականության սկզբունքով։ Սակայն այդ սպասելիքները չափազանցված են։ Չնայած բազում հանդիպումներին եւ հավաստիացումներին առ այն, որ Մոսկվան կնպաստի կարճ ժամանակամիջոցում խնդրի կարգավորման «արդար» տարբերակին, գործը իրականում տեղից չի շարժվել։ Դրա համար էլ Բաքուն արդեն ակնհայտ մատնանշում է իր համբերության սահմանները՝ ակնարկելով, որ պատրաստ է իրավիճակն իր օգտին փոխել, դիմելով այլ քայլերի»։
«Այդ սահմանը Դմիտրի Մեդվեդեւի սեպտեմբերին Բաքու կատարելիք այցն է», - գրում է Ռոկսը. - «Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, թարմացնելով եւ ընդարձակելով հայ-ռուսական ռազմական պայմանագիրը, Մոսկվան ոչ միայն ամրացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում, այլեւ Բաքվին, փաստորեն, նախազգուշացնում է խնդրի ռազմական կարգավորման տարբերակն ընդհանրապես մտքից հանելու մասին։ Ուստի, ադրբեջանական կողմն էլ «սիմետրիկ» պատասխան է որոնում»։
Ի դեպ, վերադառնալով Անկարա, Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Բաքվում օգոստոսի 16-ին կնքված «Ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին» թուրք-ադրբեջանական պայմանագիրը ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ եւ այն պետք չէ գնահատել իբրեւ պատասխան հայ-ռուսական ռազմական պայմանագրին։
«Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, եւ մենք որոշել ենք թարմացնել 1994 թվականի փաստաթուղթը»,- ասել է Գյուլը, հավելելով.- «Հարկ է ձերբազատվել «սառը պատերազմի» տարիների պատկերացումներից։ Թուրքիան եւ Ռուսաստանը բարեկամ երկրներ են, մենք չենք մրցում միմյանց հետ։ Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մնացած երկրների օգնությամբ կհաջողվի կարճ ժամկետում կարգավորել ղարաբաղյան հարցը»։
«Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբան Յուրի Ռոկսը գրում է, թե փորձագետների մեծ մասը այնուամենայնիվ ենթադրում է, որ թուրք-ադրբեջանական չհրապարակված համաձայնագրում բավական տեղ է հատկացվել ռազմական ոլորտին, չբացառելով, որ այնտեղ կա դրույթ Նախիջեւանում թուրքական ռազմակայան ստեղծելու մասին։ Փորձագետները չեն բացառում նաեւ, որ այդ համաձայնագրով Ադրբեջանը Ռուսաստանին ազդանշան է տալիս ղարաբաղյան հարցի լուծման հետագա ձգձգումների դեպքում իր աշխարհա-քաղաքական դիրքորոշման անխուսափելի եւ, հավանաբար, այլեւս վերջնական փոփոխության մասին։
Ադրբեջանցի անվանի վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, թե հարկ չէ զարմանալ, եթե պարզվի, որ թուրք-ադրբեջանական համաձայնագրում գերակայողը ռազմական գործոնն է։
«Ռուսաստանը շահեր ունի Ադրբեջանում, եւ Մեդվեդեւը չպետք է Ղարաբաղի խնդրի առումով դատարկ ձեռքերով ժամանի Բաքու։ Տարեվերջին տեղի կունենա ԵԱՀԿ-ի գագաթնաժողով, Մինսկի խմբի աշխատանքին գնահատական կտրվի, առաջընթացի բացակայության դեպքում կարող են ներկայացվել այլ նախաձեռնություններ», - ասել է Մուսաբեկովը։
«Նեզավիսիմայա գազետա»-ն նշում է, որ Հայաստանում բավական զուսպ են արձագանքել Նախիջեւանում թուրքական ռազմակայանի տեղակայման մասին տեղեկատվությանը։
«Եթե այնտեղ թուրքեր հայտնվեն, նրանց ներկայությունը կչեզոքացվի ռուսական ռազմակայանով, ինչը բխում է Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի ստորագրած հայ-ռուսական պայմանագրից։ Ճիշտ այնպես, ինչպես պատերազմի տարիներին Հայաստանի վրա հավանական հարձակումը չեզոքացվել է մեր ռուս եղբայրների կողմից»,- մեկնաբան Յուրի Ռոկսին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա եւ ավելացրել.- «Աշխարհաքաղաքական տեսակետից թուրքական բազայի ստեղծումը նույնիսկ ձեռնտու կլիներ է Երեւանին, որովհետեւ Մոսկվայի համար իրավիճակը կբեւեռացվեր, վերջնականապես պարզ կդառնար, թե ով ում հետ է, բայց կարծում եմ, Անկարայում խոհեմ կգտնվեն ու կհասկանան, որ Ռուսաստանի վրա չարժե նայել` նշան բռնելով նախիջեւանյան ավտոմատներից։ Անկարան շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցությամբ, այլ ոչ թե լարվածության սրումով»։
«Բաքուն եւ Անկարան համաչափ պատասխան են մշակում Երեւանի եւ Մոսկվայի համար», -գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբան Յուրի Ռոկսը՝ մանրամասնելով. - «Այդ պատասխանը կարող է լինել Նախիջեւանում թուրքական ռազմական հենակետի տեղակայումը»։
Ուղիղ հեռարձակում