Մատչելիության հղումներ

Քննարկվում է «Նաիրիտ գործարանի» լինել-չլինելու հարցը


«Նաիրիտ գործարան»
«Նաիրիտ գործարան»
«Նաիրիտ գործարանի» տնօրինությունը վստահեցնում է, թե առաջիկայում ամբողջությամբ մարելու է երբեմնի քիմիական արդյունաբերության հսկայի շուրջ 3 հազար աշխատակիցների հունիս եւ հուլիս ամիսների աշխատավարձի պարտքը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը այս մասին ասաց գործարանի արհեստակցական կոմիտեի (ԱրհԿոմ) նախագահ Հրաչ Թադեւոսյանը։

Անցած տարվա մայիսին 4 մարդու կյանք խլած պայթյունից հետո՝ հոկտեմբերին, «Նաիրիտ»-ում վերականգնվեց արհեստական կաուչուկի արտադրությունը։ Սակայն այս տարվա մարտից ձեռնարկությունը գործնականում պարապուրդի մատնվեց` էլեկտրաէներգիայի համար կուտակված 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով:

ԱրհԿոմի նախագահը ասում է, թե «Նաիրիտ գործարան»-ի տնօրեն Վահան Մելքոնյանը մեկնել է Մոսկվա` ընկերության բաժնետեր ԱՊՀ-ի Միջպետական բանկի հետ բանակցելու նպատակով։ Այդ բանակցություններում, Թադեւոսյանի խոսքով, որոշվելու է ընդհանրապես «Նաիրիտ գործարանի» լինել-չլինելու հարցը։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, գործարանի աշխատակիցները որոշվել է գործադուլի կամ բողոքի այլ ակցիաների չդիմել։

Գործարանի աշխատակիցներից ոմանք ասում էին, թե, իրոք, նախընտրում են մի քիչ էլ սպասել, քան դառնալ գործազուրկ։ Ոմանք էլ նշում էին, թե հոգնել են տնօրինության խոստումներից եւ հայտարարում էին, թե Հայաստանի կառավարությունը, որը «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի շուրջ 10 տոկոսի սեփականատերն է, որեւէ կերպ չի աջակցում գործարանին։

էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այս պնդումները, ասելով. - «Նման բան չկա։ Կառավարությունը օգնում է, խրախուսում է։ Մոտակա օրերին հարցը կլուծվի։

Պայմանավորվածություն կա նաեւ բուտադինի արտադրության վերջին հատվածը իրականացնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա տնտեսապես էֆեկտիվ պայմաններում աշխատելու համար»։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը նաեւ նշեց, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում քիմիական արդյունաբերությունը անկում է ապրել ամբողջ աշխարհում։

«Դա միայն «Նաիրիտի» հետ չի կապված։ Ամբողջ աշխարհում է նման վիճակ», - ասաց Արմեն Մովսիսյանը՝ հավելելով, թե մեկ-երկու ամսից «Նաիրիտը» նորից կսկսի արտադրանք տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG