Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնություններում 15 գոլի ռեկորդի հեղինակ 33-ամյա Ռոնալդոն, ով ներկայումս հանդես է գալիս «Կորինթիանս» բրազիլական ակումբում, օրերս խոստովանել է, որ ամենայն լրջությամբ մտածում է մարզական կարիերան ավարտելու մասին։
Վնասվածքից երեք ամիս ապաքինվելուց հետո նա անցած շաբաթ առաջին անգամ վերադարձել է մարզադաշտ, որտեղ մարզվել է «Կորինթիանս»-ի իր թիմակիցների հետ։ Daily Mail պարբերականի փոխանցմամբ` ֆուտբոլի լեգենդար աստղը նորից գիրացել է։
«Ես իմ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին, դաշտում անցկացրած յուրաքանչյուր օրով իմ կարիերան մոտենում է ավարտին», - ասել է Ռոնալդոն եւ ավելացրել. - «Բայց պետք է անել վերջին զոհաբերությունը եւ լավագույն մարզավիճակում ավարտել այս տարին։ Դրանից հետո էլ կորոշեմ` մնալո՞ւ եմ ֆուտբոլում, թե՞ ոչ»։
Մանկության տարիներին ֆուտբոլիստի մականունն էր Իլ Ֆենոմենո, լրիվ անունը` Ռոմարիո Լուիս Նազարիո դե Լիմա, սակայն ֆուտբոլի աշխարհում նա առավել հայտնի է որպես Ռոնալդո։
«Ես անվերջ պայքարում եմ քաշիս եւ ինձ հետապնդող ցավերի հետ։ Երբեմն խաղից հետո ինքս ինձ ասում եմ` գուցե բա՞վ է։ Իրավունք չունեմ խաբել իմ երկրպագուներին։ Խաղադաշտ դուրս կգամ միայն հարյուր տոկոսով պատրաստ լինելու դեպքում», - ասել է Ռոնալդոն։
Նա ժամանակին հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում, «Բարսելոնա»-ում, Միլանի «Ինտեր» եւ «Միլան» թիմերում, իսկ 2009 թվականին տեղափոխվել է «Կորինթիանս», որի կազմում անցկացրած 20 խաղում դարձել 12 գոլի հեղինակ։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ռոնալդոն խաղադաշտ է դուրս եկել ավելի քան 600 անգամ եւ դարձել 415 գոլի հեղինակ։
Բրազիլացին 1997 եւ 2002 թվականներին վաստակել է «Ոսկե գնդակը», որը շնորհվում է Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստին։ Բացի այդ, 1996, 1997 եւ 2002 թվականներին նա ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Ի դեպ, այս տարվանից սկսած ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի եւ «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի «Ոսկե գնդակ» մրցանակները միավորվել են, եւ հետայսու մոլորակի լավագույն ֆուտբոլիստը վաստակելու է «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» մրցանակը։
Ուղիղ հեռարձակում