Մատչելիության հղումներ

Գյումրիում «Գլենդեյլ հիլզ»-ի կառուցած նորակառույց շենքում փլուզում է տեղի ունեցել


Նորակառույցի բնակիչներն ահաբեկված են
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00
Ուղիղ հղում

Գյումրիի «Մուշ-2» թաղամասում մոտ մեկ ամիս առաջ շահագործման հանձնված 16 շենքի 13-րդ բնակարանում գիշերը ժամը 1-ին փլուզում է տեղի ունեցել։

Բնակարանատերերը՝ երկրաշարժ տեսած տարեց Մելիքյան ամուսինները, սարսափահար են եղել, երբ գիշերը ժամը 1-ին գրեթե ամբողջությամբ փլուզվել է բնակարանի առաստաղի գաջե հաստ ծեփաշերտը։ Բարեբախտաբար՝ տանտերերը փլուզումից չեն վնասվել։

«Հրաշքով փրկվել ենք», - ասում է Անժիկ Մելիքյանը, ով փլուզումից հետո ստիպված է եղել անկողնուց հանել առաջին կարգի հաշմանդամ ամուսնուն։

«Երկրաշարժ տեսած ենք, 18 տարեկան աղջիկս մնաց երկրաշարժին... հիմա այս երկրորդ երկրաշարժը ես տեսա։ Հիմա հնարավո՞ր է այս բնակարանում ապրել։ Գերադասում եմ տնակ վերադառնալ, քան այս բնակարանում մնալ եւ ապրել», - հայտարարեց զայրացած բնակարանատերը։

Հայաստան -- Նախագահ Սարգսյանը ուսումնասիրում է նորակառույց բնակարան Գյումրիի «Մուշ-2» թաղամասում, 23-ը դեկտեմբերի, 2009թ.
Մոտ 1 ամիս առաջ, ավելի քան կես տարվա ձգձգումներից հետո, Գյումրիում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց 1056 բնակարան։ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ձգձգման պատճառն այն էր, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին «Մուշ-2» թաղամաս այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհել էր «Գլենդեյլ Հիլզ» ընկերության իրականացրած շինարարության որակից եւ կարգադրել էր շտկել իրավիճակը։

Այդուհանդերձ, ժամանակավոր կացարաններից նորակառույց շենքեր տեղափոխված բնակիչներից շատերը պարբերաբար ահազանգում են լրատվամիջոցներին՝ պնդելով, որ շենքերը բացարձակապես սեյսմակայուն չեն, շինարարությունը կատարվել է սահմանված նորմերի կոպիտ խախտմամբ։

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այցելել էր Գյումրիի «Մուշ-2» թաղամաս եւ պարզել, որ նորակառույց շենքերի արտաքին երեսպատման սալիկները արդեն իսկ սկսել են պոկվել, բնակարանների ներսում թերի է կատարված ջրի եւ կոյուղագծերի մոնտաժումը, լողասենյակներում պոկվում են կերամիկական սալիկները։

Մելքոնյանների բնակարանում տեղի ունեցած փլուզման լուրն առնելով՝ 16 շենք էին այցելել հարեւան շենքերի բնակիչները։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանցից շատերը մատնանշեցին իրենց ստացած նորակառույց բնակարաններում եւս առկա թերությունները։ Նրանք նաեւ բողոքում էին, որ «Գլենդեյլ Հիլզ»-ը անպատասխան է թողնում իրենց բողոքները հայտնաբերված թերությունների վերաբերյալ։

«Գլենդեյլ Հիլզ» կազմակերպությունից խոստացան առաջիկա օրերին պատասխան տալ անորակ շինարարությանը եւ տեղի ունեցած փլուզմանը վերաբերող հարցերին։
XS
SM
MD
LG