Մատչելիության հղումներ

Գյուլ. «Թուրքիան միշտ եղել է եւ կլինի Ադրբեջանի կողքին»


Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո, Բաքու, 16-ը օգոստոսի, 2010թ.
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո, Բաքու, 16-ը օգոստոսի, 2010թ.

«Ադրբեջանը եւ Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն», - երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Մենք մեզ զգում ենք ինչպես տանը, միշտ այդ զգացողությունն է, երբ Ադրբեջան ենք ժամանում», - ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Կասպից ծովի ափին կառուցված նախագահական նստավայրում կայացած հանդիպումից հետո ասել է Գյուլը:

Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է է'լ ավելի ակտիվացնեն հարաբերությունները, գործեն համերաշխության, եղբայրության եւ համագործակցության ոգով։ Գյուլը գովեստով է խոսել Թուրքիայում ադրբեջանցի գործարարների կատարած ներդրումների եւ Ադրբեջանում թուրքական ընկերությունների աշխատանքի մասին։

Նույն օրը երկու երկրների նախագահների ստորագրած «Ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագրի վերաբերյալ Ալիեւը հայտարարել է. - «Այս պայմանագիրը հենց այն փաստաթուղթն է, որում ամրագրված եղբայրության ու բարեկամության ոգու հիման վրա են զարգանալու մեր երկու պետությունների հարաբերություններն առաջիկա տասնամյակներին»:

Գյուլի համոզմամբ էլ` թուրք - ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը է'լ ավելի է ամրապնդելու երկու ժողովուրդների ավանդական համերաշխությունը:

Բանակցությունների ավարտին կայացած ասուլիսի ընթացքում նախագահները նաեւ հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղի խնդրում երկու պետությունների միջեւ որեւէ տարաձայնություն գոյություն չունի:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն բազմապատկելու է հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերը։ Նա համոզմունք է հայտնել, թե խնդիրը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։

«Ադրբեջանը հետագայում եւս բոլոր անհրաժեշտ քայլերին կդիմի, կխթանի դիվանագիտական ու քաղաքական ջանքերը` ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Ցավոք սրտի, Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը հարցի կարգավորմանը չի նպաստում: Չնայած այդ իրողությանը` ես համոզված եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է: Ուզում են նաեւ իմ երախտագիտությունը հայտնել եղբայրական թուրք ժողովրդին այն մշտական աջակցության համար, որին արժանանում է Ադրբեջանն այս խնդրում», - հայտարարել է Ալիեւը, մեկ անգամ եւս վստահեցնելով, թե կարգավորման` այսօր շրջանառության մեջ գտնվող սկզբունքների համաձայն, Հայաստանը պետք է ազատագրի «Ադրբեջանի գրավյալ շրջանները», ապահովվելու է Lեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ցամաքային կապը, որպես համաձայնագրերի կատարման երաշխավոր էլ հանդես են գալու միջազգային խաղաղապահ ուժերը:

Թուրքիայի նախագահը նույնպես պնդել է, որ խնդրի լուծման հիմքում պետք է դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նրա խոսքերով` պաշտոնական Անկարան դեմ է Ղարաբաղի խնդրում ստատուս քվոյի պահպանմանը: «18 տարի է արդեն, ինչ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը: Նման իրավիճակի պահպանումը մեզ համար ընդունելի չէ: Միանշանակ է, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բոլորը պետք է հստակ ըմբռնեն, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների խախտումը չի կարող դրական գնահատվել միջազգային հանրության կողմից», - հայտարարել է Գյուլը:

«Հավատում ենք, որ մոտ ապագայում կգտնվի լուծումը», - ասել է Թուրքիայի նախագահը եւ նշել, թե միջազգային հանրությունը անցած 18 տարիների ընթացքում փաստորեն անուշադրության է մատնել ադրբեջանցի բազմաթիվ փախստականների ծանր ճակատագիրը։

«Հավատացնում եմ իմ բոլոր ադրբեջանցի եղբայրներին եւ քույրերին` Թուրքիան միշտ եղել է եւ կլինի Ադրբեջանի կողքին», - հայտարարել է Գյուլը։

Ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին էլ` թե հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանում առաջիկա սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների առիթով ժամանակավորապես բացվի հայ - թուրքական սահմանը, Թուրքիայի նախագահը որեւէ հստակ պատասխան չի տվել: «Հարկավոր է բոլոր խնդիրները քննարկել, որպեսզի Կովկասը վերածվի խաղաղության տարածաշրջանի: Որոշ հարցեր մենք բաց ենք քննարկում: Դիվանագիտությունը, սակայն, մի առանձնահատկություն ունի` որոշ լուրջ խնդիրներ քննարկվում են ու լուծվում անաղմուկ, սակայն վճռական գործողությունների միջոցով», - հայտարարել է նա:

Նույն օրը Աբդուլա Գյուլը այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի շիրիմին եւ «Շեհիդների ծառուղի», շրջել է Բաքվում։


Թուրքիայի նախագահի Ադրբեջան այցը երեքշաբթի օրը ավարտվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG