Մատչելիության հղումներ

Օգոստոսի 12-ին լրացավ Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնության երկրորդ տարին, որը դադարեցրեց ռուս-վրացական պատերազմը


Ռուս–վրացական պատերազմի արխիվային լուսանկարներից
Ռուս–վրացական պատերազմի արխիվային լուսանկարներից

Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ երկու տարի առաջ օգոստոսի 12-ին համաձայնություն ձեռք բերվեց դադարեցնելու հնգօրյա կարճատեւ, բայց արյունահեղ պատերազմը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ու հնարավորություն ստեղծեց վերսկսելու բանակցությունները։

Հետխորհրդային երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Վլասովն ասել է, թե անցած 2 տարիների ընթացքում Վրաստանը վերականգնել է իր ռազմական ներուժը, եւ, փաստորեն, պատրաստ է նոր ռազմական հակամարտության։

«Բայց հստակ պատճառներ կան, թե ինչո՞ւ չեն կարող դիմել նման քայլի։ Դրանց թվում առաջինը Մեդվեդեւ – Սարկոզիի համաձայնագիրն է»,- նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ այդ համաձայնագրի հիմնական պայմանը ուժի չկիրառումն է։

Վրացի փորձագետ Գիյա Խուխաշվիլիի կարծիքով, 2008 թվականի օգոստոսի 12-ի այդ փաստաթուղթը երբեք ամբողջությամբ ուժի մեջ չի մտնի։ Նրա պարզաբանմամբ, պատճառն այն է, որ համաձայնագիրը երկիմաստ մի շարք դրույթներ է պարունակում, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Վրացի փորձագետը հավելել է, թե փաստաթուղթը կազմվել էր էքստրեմալ պայմաններում եւ հեղինակները հնարավորություն չեն ունեցել բազմակողմանի փորձաքննության ենթարկել այն։

«Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագիրը ժամանակավոր բնույթ ուներ, այսինքն դա օպերատիվ փաստաթուղթ էր, որը նպատակ ուներ կանգնեցնելու ագրեսիան։ Այն նաեւ կանխարգելիչ բնույթ ուներ՝ նպատակ ունենալով կանխել հերթական ագրեսիան։ Քանի որ համաձայնագիրը երկիմաստ կետեր է պարունակում, ապա նոր փաստաթղթի կարիք կա։ Հակառակ դեպքում, ես գտնում եմ, որ այն երբեք լիարժեքորեն ուժի մեջ չի մտնի», – «Կովկաս Պրեսին» ասել է վրացի փորձագետը, այդուհանդերձ նշելով, որ կրակը դադարեցնելու մասին 2008-ին ընդունված փաստաթուղթը դրական էր։

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Աբխազիայում տեղակայել է զենիթա-հրթիռային S-300 տիպի համակարգ։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքսանդր Զելինը ասաց, որ համակարգը պաշտպանելու է Ռուսաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի օդային տարածքները։

Չորեքշաբթի օրը պաշտոնական Թբիլիսին դրա դեմ հայտնեց իր բողոքը, ու դիմեց միջազգային հանրությանը՝ հորդորելով «վճռական միջոցների դիմել դադարեցնելու համար Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների ռազմականացումը»։

«Բացարձակապես անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում Ռուսաստանի այդ ծայրահեղ վտանգավոր ու սադրիչ քայլը, որը սպառնալիք է ստեղծում ոչ միայն սեւծովյան տարածաշրջանի, այլեւ ամբողջ Եվրոպայի անվտանգության համար», - նշված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Աբխազիայում S-300 համակարգի տեղադրումը Վրաստանը գնահատում է որպես «կայսերական քաղաքականության օրինակ» եւ պահանջում է, որ Ռուսաստանը ամբողջությամբ կատարի միջազգային իր պարտավորությունները՝ այդ թվում 2008-ի օգոստոսի 12-ին ընդունված հրադադարի համաձայնագիրը։

«Միացյալ Նահանգների տեղեկություններով, Աբխազիայում S-300 համակարգը տեղադրվել է ավելի վաղ, մոտավորապես 2 տարի առաջ», –չորեքշաբթի օրը ասել է ԱՄՆ–ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին։

2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը եւ այդ տարածքներում ռազմակայաններ տեղադրել։

Թբիլիսին մեղադրում է Մոսկվային ագրեսիայի եւ միջազգային նորմերը խախտելու համար։ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հայտարարել, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG