Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման


Միացյալ Նահանգների դատական վերաքննիչ ատյանը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Մասաչուսեթս նահանգի վերաքննիչ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մերժվում է նահանգի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականություն ընդգրկելու պահանջով Ամերիկայի թուրքական միությունների համագումարի հայցը:

Հայցվոր կողմը, ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում, հույս ուներ տապալել Մասաչուսեթսի հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդումը` ցեղասպանությունը ժխտող գրականությունը ընդգրկելով նահանգի կրթական ծրագրերում:

Առաջին ատյանի դատարան հայցը ներկայացվել էր 2005 թվականին` Ամերիկայի թուրքական միությունների համագումարի եւ Թուրք-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի կողմից համատեղ: Հայցվորի պնդմամբ` Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականությունը ծրագրերից դուրս թողնելը խոսքի ազատության իրավունքի խախտում է:

Առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, իսկ 2009 թվականի հունիսին Ամերիկայի թուրքական միությունների համագումարը եւ նախաձեռնության մյուս աջակիցները դիմել էին վերաքննիչ դատարան, որը, սակայն, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է վերաքննիչ դատարանի վճիռը` այն որակելով «հարված ցեղասպանությունն ուրացողների կեղծ մարտավարությանը»:

Հայցի մերժումը, ըստ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի, «հստակ ուղերձ է Թուրքիային եւ իր ռեւիզիոնիստներին, որ Անկարայի կողմից պետականորեն հովանավորվող ուրացման արշավն ի վիճակի չէ սրբագրել պատմությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG