Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ. «Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»


Հայաստանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է երեկ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես` APA, 1news.az, Day.az կայքերի հրապարակած տեղեկություններին Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրեւ թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ եւ կայքերում տեղադրված լուսանկարներին:

«Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնեւի երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ եւ 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից: Հետեւաբար, ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց եւ կանխեր լուսանկարների տեղադրումը», - ասված է, մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրավիրում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների եւ հատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրությունը ադրբեջանական կողմի գործողությունների վրա` «ակնկալելով այդ կառույցների պատշաճ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ»:

Ադրբեջանական լրատվամիջոցների խնդրո առարկա հրապարակումներում 2009 թվականի փետրվարին ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թեւոսյանը եւ Վարդեւան Սարգսյանը, մասնավորապես, պնդում են, որ հայկական բանակում իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG